Երեք ընկեր եռագույն դրոշի տակ, էն դրոշի, որը ստեղծվել է նրանց պաշտպանելու համար ևս, բայց մյուս դրոշակակիրները, թույլ չեն տալիս, որ նրանց էլ այն ծառայի:

Արմեն Հայաստանցու «Մայրենիք. Դրոշ» հրապարակախոսային կինովեպի երեք ընկերները սեռական փոքրամասնություններ են. Նարը՝ տրանսվեստիտ, որին տնից ծեծելով հանել են կանացի զգեստներ հագնելու համար, Սամն ու Անդոն՝ գեյեր, որոնց սիրավեպն ավարտվում է Սամի մահով բանակում:

Արմեն

Արմեն Հայաստանցի (լուս.` Աննա Գրիգորյանի)

Արմենն ասում է, որ վեպը գրելու պատճառներից մեկն այն էր, ուզում էր  արևալահայերենով մի ժամանակակից վեպ լիներ, որտեղ սեռական փոքրամասնությունները դրական լույսի ներքո ներկայացված լինեին ու որին կարողանար հղվեր իր սերունդը:

Բացի սեռական ինքնությունից, երեք հերոսներին միավորում է բանակի առջև պատասխանատվության հարցը: Ինչպես հետերոսեքսուալ լինելն է երկիրը համարում պարտադիր, այնպես էլ Հայաստանում բանակում ծառայելը: Պարտադիր ծառայության անցնելու համար բոլորը նույնպես պարտադրված են հակառակ սեռի մարդկանց սիրել, թե չէ որպես հոգեկան շեղում ունեցող կազատվեն հայրենիքի առջև ունեցած պարտադրանքից: Վեպում Անդոն արդեն ծառայել է, Նարը ուզում է ազատվել, Սամն ուզում է ծառայել:

Նարը միայն գիշերն է իր ինքությունն ըմբոշխնում՝ կանացի կերպարով երգում ակումբներում, բայց բանակից ազատվելու ցանկությունն այնքան մեծ է, որ իր կանացիությունն ամենաանհանդուրժող վայրում՝ զինկոմիսարիատում, ներկայանում է կանացի արտաքինով:

Զինկոմը նվաստացնում է Նարին, ճղում շորերը, պոկում կեղծամը, հայրենասիրության դասեր տալիս, մինչ այն պահը, երբ Նարն ուղղում է զինկոմի «ազգային գիտելիքներ»-ում թույլ տված սխալը, ու տրանսվեստիտի «անբարո» կերպարը զինվորականի համար հարցականի տակ է դրվում, ինչպես Քիմ Քարդաշյանը հայ ավանդապաշտներին հարցի առաջ կանգնեցրեց` Հայաստան գալով:

Զինկոմը Նարին անպատվելուց գուսան Շիրինի երգից հատված է ասում՝ կարծելով, որ գուսան Ջիվանին է հեղինակը: Նարը, ուղղում է, ապա երգում «Այգեպան, ի՞նչ ես անում, շամբը բուրաստան չի լինիլ…» երգը: Արմենը Նարի միջոցով կոգնիտիվ դիսոնանսի մեջ է գցում Զինկոմին, ոնց որ հայ հոմոֆոբներն են լինում, երբ լսում են, որ Փարաջանովը գեյ էր ու սկսում հակառակն ապացուցել, իբրև թե ոնց կարա նույն սեռի մարդկանց նկատմամբ զգացմունքներ ունեցողը տաղանդավոր լինի: Փարաջանովը չկա, որ իր ներկայությամբ խառնաշփոթի մեջ գցի սեռական փոքրամասնություններին ատողներին, իսկ Նարը կա ու շփոթմունքից Զինկոմը կարողանում է միայն ասել՝ ռադ էղի:

Միայն երկու կողմերին միավորող գիտելիքն է բարձրացնում Նարի գնահատականը իրեն ատողների աչքերում: Զինկոմը երկու զարմանքի է առերեսվում՝ մեկը, որ իր սենյակ առանց ամաչելու մտել է աղջկա շորեր հագած զինապարտը, մյուսը, երբ այդ «ճղճիմը», որը չպիտի ոչ մի բանի ընդունակ լիներ, երգում է աշուղական երգ, դեռ մի բան էլ շտկում հայրենիքի պաշտպան զինկոմի սխալը:

Սամը, հակառակ Նարի ուզում է բանակ գնալ: Այս դեպքում պարտադրի մեջ պարտադիրը վերացնելու ցանկությունն է, որ Սամին տանում է ծառայության, գեյը բանակին պիտանի չէ հասկացությունը բացառելուն: Սակայն, հեղինակը մինչև վերջ չի տանում այդ գիծը: Բանակի ներսում մեկուսացնում է նրան մյուս զինվորներից, չի ներգրավում մյուսների խոսակցություններին, ընդհուպ տանում է մինչև մահ ու էդպիսով հաստատում, որ գեյերի տեղը չէ բանակը: Բայց Սամի մահից հետո Անդոյին ազատում է բանկային անհետաքրքիր աշխատանքից ու նորից ուղարկում բանակ` այս անգամ որպես պայմանագրային` պարտադիրը փոխելով կամավորականով:

Արմենի կարծիքով անպաշտպան մարդը չի կարող մեկնումեկին պաշտպանել. «Ավելին ինքս իմ պաշտպանությունը չէի կապի անպաշտպան, ճնշված, բարդույթավորված, հոգեբանորեն ծանր վիճակում գտնվող մարդու հետ, ու ոչ մի դեպքում ձեռքը զենք չէի տա, հետևապես ես շատ տարբեր կարծիքներ ունեմ, ասենք ամերիկյան բանակում գեյերի ծառայության և հայկական բանակում գեյերի ծառայության մասին, իսկ ընդհանուր առմամբ՝ դեմ եմ պարտադիրին, եթե անգամ էդ պարտադիրը համընդհանուր բարօրություն է ենթադրում, ասենք՝ հանրակրթություն, առողջապահական ապահովագրություն և այլն», – ասում է հեղինակը:

Վեպում գլուխները բաժանված են Հայաստանի դրոշի գույներով, յուրաքանչյուր գույն նկարագրում է հերոսներից մեկին:

Տեսարաններին հաջորդում են ՀՀ անունով գլուխները, որտեղ Արմենն` արդեն որպես հրապարակախոս, իր կարծիքներն է ասում Հայաստանի, առաքելական եկեղեցու, Հայաստանի դրոշի, հայը լինելու մասին, անդարդառնում է Հայաստանի պատմությանը, Հայաստանի խնդիրներին, արտագաղթին, Հայոց բանակին, ու բոլոր դեպքերում քննարկվում է դրանց թերությունները: Հրապարակախոսության միջոցով հեղինակը փորձում է ապացուցել գեղարվեստական եղելությունը՝ սահմանափակելով իր կերտած պատումի ազատ տեղաշարժն ու հարմարացնելով իր հայացքների քմահաճույքներին` թույլ չտալով, որ հեղինակը մահանա վեպում:

Այդ հրապարակախոսը վերջին գլխում՝ անվանված դրոշաձող, հայտնվում է գեղարվեստականության մեջ՝ Հռետոր անունով ու ՀՀ վերնագրված գլուխների գաղափարներով առաջնորդում բոլոր փոքրամասնությունների ցույցը, որը կարծես հեղինակի երազանքն է՝ տեսնել բոլոր ճնշվածներին միավորված ՀՀ դրոշի տակ:

«Մայրենիք. Դրոշ»-ը Արմենի եռագրության առաջին վեպն է, այժմ նա աշխատում է «Մայրենիք. Հիմն» և «Մայրենիք. Գերբ» վեպերի վրա:

Վեպը հրատարակվել է «Ինքնագիր» գրական կայքում և «Յավրուհրատ» էլ. գրեքրի կայքում

Հովհաննես Իշխանյան