Armenian womenԱշխարհում անհավասարության, անարդարության և ատելության մասին շատ պատմություններ կան: Կան նաև պատմություններ այն մասին, թե ինչպես են մարդիկ վերականգնում կամ սերմանում արդարություն, հավասարություն ու սեր: Կանայք մի հսկայական սոցիալական խումբ են, ովքեր զոհ են դարձել ու դեռևս դառնում անարդարությանը, խարանին, իռացիոնալ վախին և կարծրատիպերին: Ինչևէ, ճնշվածները երբեմն շատ ստեղծագործ են լինում և կարող են բացահայտել կամ ծրագրել հանճարեղ կամ հուսահատ լուծումներ տարաբնույթ խնդիրների և ծանր իրավիճակների համար: Այժմ մենք պատրաստվում ենք բացահայտել մի քանի պատմություն այն մասին, թե ինչպես են ճնշված և լռեցված կանայք կարողացել ինքնապաշտպանվել և պաշտպանել ուրիշներին, երբեմն՝ լինելով մեն-մենակ:

Խանում Քեթենջյան (Արմենուհի)

Խանումը կանանց ջոկատի hրամանատար էր և ղեկավարում էր կին մարտիկների մի խումբ 1915 թ. Ուրֆայի ինքնապաշտպանության ժամանակ: Պարզ էր, որ Ուրֆայի հայ բնակչությունը պետք է բնաջնջվեր, ինչպես դա տեղի էր ուենում այլ տարածաշրջաններում, և բնակիչները որոշեցին կռվել իրենց կյանքի համար, պայքարել մինչև վերջ: Նա անձամբ ըստ որոշ տեղեկությունների սպանել է ավելի, քան քսան թուրք ոստիկան մինչև զոհվելը: Խանում Քեթենջյանն իր հրամանատարության տակ ուներ երեսուն կին: Նրա ջոկատը հաջողությամբ վերացնում է թուրքական պահակակետ, որը կարևոր նշանակություն ուներ թշնամու համար:

Թուրքերը շատ էին վրդովվել և զայրացել այս միջադեպի կապակցությամբ: Նրանց զայրույթն անսահման էր հատկապես, երբ փրկված սպայից իմացան, որ պահակակետը ոչնչացնողները կանանց մի խումբ էր եղել:

Թուրք և քուրդ զինվորները ցանկանում էին կանանց գերեվարել կենդանի վիճակում: Ծանր կորուստներ ունենալով, բայց մեծ թվերի շնորհիվ նրանք աստիճանաբար գրավեցին քաղաքի որոշ փողոցներ: Հինգ աղջիկ գերեվարվեց՝ չկարողանալով ելք գտնել գրավված փողոցներից:

Թուրք հրամանատարը ճանաչեց Խանումին: Նա նաև լսել էր Խանումի հոր անունը: Նա փորձեց աղջիկներին համոզել, որ ամուսնանան թուրքերի հետ և «երջանիկ կյանքով ապրեն»: Խանումն ասաց, որ դա նրանց համար անպատվություն կլիներ: Թուրք և քուրդ զինվորների վայրի բնույթը գրգռվեց: Նրանք բղավում էին և ժեստեր էին նետում: Բռնությամբ էին սպառնում. «Նրանց մե՛զ տվեք…»: Հրամանատարն ինքն էլ վայրագացավ: Նա ապտակեց Խանումին՝ բղավելով. «Ա՛յ գյավուր (անհավատ) պոռնիկ: Մտածում ես, որ հետս ամուսնանալն անպատվությո՞ւն կլինի քեզ համար, հա՞: Հիմա, սպասի…»:

Երբ ցանկանում էին պատառոտել Խանումի հագուստը, նա խնդրեց ազատել իր ձեռքերը, որպեսզի ինքը հանի սեփական հագուստը: Բիլ Միլհոումն իր բլոգում նկարագրում է այն, թե ինչ տեղի ունեցավ հետո. «Նրանք ազատեցին իր ձեռքերը: Նա սկսեց քանդել իր բաճկոնակի կոճակները երկու ձեռքերով: Հրամանատարը չարակամ ու տռփամոլ հայացքով նայում էր Խանումին: Խանումը բարձրացրեք իր բաճկոնակի մի անկյունը և, հանկարծ հանելով փոքր ատրճանակ, դրա պարունակությունը արագ հերթականությամբ դատարկեց հրամանատարի գլխի, սրտի և ստամոքսի մեջ: Նա մեռած տապալվեց: Դրանից հետո խիստ զարմացած զինվորները միանգամից սպանեցին բոլոր հինգը աղջիկներին:

«Զինվորների ամբոխը զարմանքից քարացել էր, և բաց բերաններով նայում էր կատարվածին: Նրանք երբեք չէին ակնկալում քաջության ու հերոսության նման պոռթկման ականատես դառնալ հետապնդված ու ոտնակոխ արված կինարմատներից»:

Էսթեր

Մի անգամ Էսթերի քեռի Մորդեխայը հրաժարվում է երկրպագել պարսիկ մի արքայազնի, և դրա համար վերջինս որոշում է սպանել Մորդեխային և Պարսկաստանի բոլոր հրեաներին:

Էսթերը, ով արքայի բազմաթիվ կանանցից մեկն էր, և որբ էր, ում մեծացրել էր իր քեռին, գնում է թագավորի մոտ, չնայած այդ քայլի համար նա կարող էր իր կյանքով վճարել: Ի վերջո Էսթերը թագավորին պատմում է, որ այդ արքայազնը պատրաստվում էր սպանել Մորդեխային, իսկ Մորդեխայը մեկ անգամ փրկել էր թագավորի կյանքը: Էսթերը նաև թագավոր Քսերքսեսին ասում է, որ ինքն էլ է հրեա: Ի վերջո, այդ արքայազնն ինքն է մահապատժի ենթարկվում թագավորի հրամանով: Այս միջադեպից հետո Պարսկաստանի հրեաներին նաև զենք կրելով ինքնապաշտպանվելու իրավունք տրվեց:

Այսպիսով, մեկ հրեա կին, ով բանտարկված էր թագավորի հարեմում բազմաթիվ այլ կանանց հետ, կարողանում է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր: Նրա պատմությունը հրեական ավանդույթի մեջ Պուրիմի՝ հատուկ տոնի, նշման հիմքն է, որով տոնվում է հրեա ժողովրդի մի զանգվածի փրկությունը:

Թագուհի Բլանշ

Բլանշը՝ Լուի VIII-ի կինը, ապրել է 13-րդ դարի Ֆրանսիայում և ականատես եղել, թե ինչպես էին հոգևորականները հալածում մի ամբողջ ազգաբնակչության՝ բանտարկելով ամբողջական քաղաքներ իրենց ողջ բնակչության հետ և տարածելով սով ու մահ: Անհանգստանալով այն ամենով, ինչին որ ինքը վկա է լինում, Բլանշը ցանկանում էր մարդկանց ազատության մեջ տեսնել: Հոգևորականները չհանդուրժեցին քաղաքացիական իշխանության միջամտությունն իրենց գործերին և պնդեցին, որ բանտարկյալներն իրենց ենթականերն էին, և որ ուրիշ ոչ ոք որևէ իշխանություն չուներ այդ մարդկանց նկատմամբ:

Թագուհու վերջին հույսը ուժի կիրառումը մնաց. երևույթ, որը շահագործվում էր հոգևորականների կողմից: Իր թիկնապահների հետ նա մոտեցավ մի բանտի դարպասներին և հրամայեց բացել դրանք: Զինվորները տատանվում էին, և ինքն առաջինն իր ձեռքի գավազանով հարվածեց դարպասներին: Կարճ ժամանակ անց դարպասները ոչնչացվեցին: Չքավոր, այլայլված դեմքերով ու պատառոտված հագուկապով ամբոխն առաջ եկավ՝ նետվելով թագուհու ոտքերի առջև: Նրանք պաշտպանություն խնդրեցին թագուհուց, քանզի կոտրված դարպասների համար կարող էին թանկ վճարել: Թագուհին բռնագրավեց տարածքի եկեղեցիների ու վանքերի եկամուտները և հոգևորականներին անգամ պարտադրեց բնակիչներին վճարել տարեկան թոշակ, որպեսզի վերջիններս կարողանան գոյատևել ու ապրել:

Էրատո

Արտաշիսյանների վերջին ներկայացուցիչն է, նաև այն եզակի կանանցից, ովքեր եղել են ինչպես դե ֆակտո, այնպես էլ դե յուրե կառավարիչներ: Մեզ են հասել Էրատոյի պատկերով դրամներ ինչպես Տիգրան Դ-ի, այնպես էլ Տիգրան Ե-ի հետ:
Ըստ մի կարծիքի, Էրատոն ինքն էլ իշխանատենչ և անկախ գործիչ էր, ով ցանկանում էր կառավարել ու ղեկավարել երկիրը, և եղբոր հետ ամուսնությունը նրան ավելի կախյալ վիճակում դնելու ու «սանձելու» մի ձև էր, ինչը նաև թույլ կտար խուսափել հանուն գահի հնարավոր պայքարից:

Հայկական, հունական և պարսկական արմատներով թագուհի Էրատոն նաև միակ թագուհին է, ով կառավարել է երեք անգամ՝ մի քանի անգամ գահընկեց արվելով և վերականգնելով իր իշխանությունը:

Որոշ ժամանակ աքսորի մեջ ապրելուց հետո, երբ Հռոմի կողմից Հայաստանում կառավարիչ էր նշանակվել Տիգրան 5-րդը, վերջինիցս դժգոհ հայ իշխանավորներ ապստամբեցին թագավորի դեմ, և Էրատոն նորից գահին նստեց: Խուսափելով բախումներից ու քաղաքացիական պատերազմից՝ նա սկսեց կառավարել Տիգրանի հետ համատեղ, և անգամ արծաթյա դրամ թողարկվեց՝ մի կողմում ներկայացնելով Տիգրանին, մյուս կողմում՝ Էրատոյին «Էրատո թագուհի հայոց» գրությամբ: Մ.թ. 12 թ-ին գահընկեց է արվել եղբոր հետ, և դրանից հետո նրա կյանքի ու մահվան մասին որևէ բան մեզ հայտնի չէ:

Նախաքրիստոնեական Հայաստանի ամենանշանավոր հայ կանանցից է:

Թելեսիլլա՝ Արգոս քաղաքի փրկիչը

Թելեսիլլան՝ Արգոսի գրական պոետեսը, իր գրականության միջոցով մեզ պատմում է իր երկրի մասին: Այնուամենայնիվ, քաջ ու ակտիվ այդ կինն արել է ավելի՛ն:

Արգոսը կորցրել էր իր լավագույն 6.000 զինվորներին: Թշնամին՝ Լակեդեմոնիացիները, արդեն գրավելու էին քաղաքը: Թելեսիլլան հավաքեց ու միավորեց քաղաքի կանանց, ովքեր ըստ իրեն, կարող էին պաշտպանել քաղաքը: Նրանց տրվեց զենք, որոնք պոետեսը հավաքել էր տաճարներից ու քաղաքացիների տներից. նրանք ետ շպրտեցին թշնամուն, որը վախեցավ լայնածավալ հարձակում սկսել՝ անկախ հարձակման հետևանքներից: Այս կին մարտիկները, որոնցից ոմանք զոհվեցին բախումների ժամանակ, արժանացան մեծ պատիվների: Թելեսիլլային ի շնորհակալություն կանգնեցված արձանն իր տեղը գտավ Վեներա աստվածուհու տաճարում:

Ռի՞սկ, թե՞ հնազանդություն. Կլոելիա

Հռոմեացիներն Էթրուրիացիների հետ նոր են կնքել խաղաղության դաշնագիր: Խաղաղությունն ավելի երկարատև դարձնելու համար հռոմեացիները հակառակորդ թագավորին նվիրում են կույսեր: Քաղաքի վեհանձն ու ազնվազարմ կույսերին ուղարկում են նվեր էթրուրիացիների թագավորին:

Նրանց մեջ է նաև Կլոելիան, և նա համոզված է, որ ավելի լավ է վտանգել կյանքը, քան կուսությունն այս բարբարոս ցեղերի մեջ: Կույսերը որոշում են փախուստի դիմել՝ ականջ դնելով Կլոելիայի խորհրդին: Նրանք Կլոելիայի ուղղորդմամբ ապահով հասնում են Հռոմ: Չնայած իրենց ծնողների ուրախությանն ու հիացմունքին, լինելով կոշտ հռոմեացիներ, նրանք որոշում են կույսերին վերադարձնել թագավորին:

Թագավորն այնքան էր հիացել քաջ աղջիկների արարքով, որ նա կույսերին ազատ արձակեց: Ավելին, Կլոելիային ձի են նվիրում (որը սովորաբար նվիրում էին ամենաքաջ մարտիկներին) և թույլատրում են ազատ արձակել այլ գերիների: Նա ընտրում է երեխաներին:

Հռոմը կույսերին ողջունեց մեծ ցնծությամբ:

Ձիու վրա նստած կույսի մի արձան բարձրացվեց Հռոմի հանրային մի հրապարակում` ի հիշատակ Կլոելիայի առաքինության ու քաջության և Պորսեննա թագավորի մեծահոգության:

Զապել

Զապելն իր հոր կամքով թագաժառանգ է ճանաչվել:

Առաջին անգամ Զապելին ամուսնացրեցին, երբ նա ընդամենը յոթ տարեկան էր: Երկրորդ անգամ նրան կամքին հակառակ ամուսնացրեցին Հեթումի հետ: Որոշ ժամանակ նա ընդդիմանում էր ամուսնուն, սակայն, ի վերջո, համակերպվում է:

Զապելը հիմնել է հիվանդանոց Սիս մայրաքաղաքում, որտեղ բոլորը կարող էին անվճար բուժում ստանալ: Նրա հովանու ներքո արվեստի գործիչներ ու գիտնականներ (Մխիթար Հերացի, Թորոս Ռոսլին, Վարդան Այգեկցի, Սարգիս Պիծակ) կարողանում են գործունեություն ծավալել և ստեղծագործել Սիսում: Անդուլ մենաստանն ամուսնու հետ վերաշինել և դարձրել է ամառանոց:

Զապելն էլ Էրատոյի պես իր դինաստիայի վերջին ներկայացուցիչն էր: Չնայած ստիպողաբար ամուսնություններին ու պարտադրված հնազանդությանը` Զաբելը կարողանում է նպաստել երկրի սոցիալական և մշակութային զարգացումներին:

Սևակ Կիրակոսյան

օգտագործված աղբյուրները`
http://www.pearlsong.com/newsroom/jackadler/SSMediaKit.pdf
http://archive.org/stream/cu31924031475001#page/n205/mode/1up
http://www.guide2womenleaders.com/womeninpower/Womeninpower00000.htm
http://en.wikipedia.org/wiki/Erato_of_Armenia#Political_Exile:_2_BC_-_6
http://milhomme.blogspot.com/2013/01/khanem-ketenjian-armenuhi-armenian.html
http://armenianwomen.wordpress.com/2012/03/19/khanem-ketenjian-armenuhi-1915/