Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Կարելի է ենթադրել, թե ՁԻԱՀ-ը ինչ-որ հեռավոր, օտար բան է, որը մեր դուռը չի թակելու:

Ցայսօր էլ մեր սիրելի աստղերը, թեկուզ ֆիզիկապես հեռացած, մեզ ուրախացնում են, հաճույք են պատճառում, ուժ են տալիս, ոգեշնչում են: Հիշե՛նք մեր կուռքերին, մարդկության սիրելիներին, իրենցից հետո մշակութային ժառանգություն թողած մարդկանց: Ինչևէ, միայն բոլորի կողմից սիրելի, հայտնի մարդիկ չէ, որ ՁԻԱՀ-ի հետ կապված պատճառներից են մահացել, և նման մարդկանց մասին էլ կիմանանք:

Mercury & his partner

Ֆրեդի Մերքուրի
[1946 – 1991]

Ֆրեդիի իսկական անուն-ազգանունը Ֆառոխ Բուլսարա էր, ծնվել է Զանզիբարում (Աֆրիկա), պարսի (Հնդկական ենթամայրցամաքում զրադաշտական համայնք) մի ընտանիքում: «Queen» խմբի լեգենդար վոկալիստի արարչագործությունների թվին են պատկանում այնպիսի սիրելի հիթեր, ինչպիսիք են. “Bohemian Rhapsody”, “Killer Queen”, “Somebody to Love”, “Don’t Stop Me Now”, “Crazy Little Thing Called Love” և “We Are the Champions.”

Նրան կոչեցին «Բրիտանիայի առաջին ռոք աստղը»: 2002 թ. BBC-ի կողմից ներկայացված քվեարկության արդյունքներով նա «100 մեծագույն բրիտանացիները» շարքում զբաղեցրեց 58-րդ տեղը: 2006 թ. Time Asia լրատվական ամսագիրը նրան անվանեց «Անցած 60 տարիների ամենաազդեցիկ ասիացի հերոսներից մեկը»: 2008 թ. Rolling Stone թերթում նրան «Բոլոր ժամանակների լավագույն 100 երգիչների» ցանկում հատկացվեց 18-րդ տեղը: ՁԻԱՀ-ի պատճառով առաջացած բրոնխային թոքաբորբը (պնևմոնիան) դարձավ նրա մահվան պատճառը:

Foucault

Միշել Ֆուկո
[1926 – 1984]

Միշել Ֆուկոն ֆրանսիացի փիլիսոփա էր, գրաքննադատ, գաղափարագետ: Նրա աշխատություններից էր եռահատոր «Սեռականության պատմությունը»: Քննադատական մտածողության մեջ նրա ամենանշանավոր ներդրումն այն գաղափարն է, որ սեռականությունը մոդեռն պատմության (նորագույն պատմության) հորինված գաղափար է: Չնայած նրան նկարագրում են նաև որպես պոստստրուկտուրալիստ և պոստմոդեռնիստ, նա ինչևէ նախընտրում էր իր մտածողությունը բնորոշել որպես մոդեռնության քննադատական պատմություն:

Ֆուկոյի մահվանից հետո նրա զուգընկերը՝ Դանիել Դեֆերը, հիմնադրեց AIDES բարեգործական կազմակերպությունը՝ ի հիշատակ Ֆուկոյի, որը պայքարում է ՄԻԱՎ-ի և տուբերկուլյոզի տարածման դեմ:
Ֆուկոն առաջին նշանավոր ֆրանսիացին էր, ով մահացավ ՁԻԱՀ-ի հետ կապված առողջական խնդիրներից:

2007 թ. Ֆուկոն եղել է ամենամեջբերվող հեղինակը հումանիստական գիտությունների բնագավառում ISI Web of Science հետազոտության առցանց համակարգում:

Ofra Haza

Օֆրա Հազա (նաև՝ Խազա)
[1957 – 2000]

Օֆրա Խազան եմենահրեական ծագումով իսրայելցի դերասանուհի և երգչուհի էր: Եմենական իր մշակույթը սիրելով և այն ներկայացնելով՝ նա կարողացավ որոշ չափով կամրջել իսրայելական և արաբական բաժանված մշակույթները: Shir Ha’frecha երգը, որը գրվել էր «Շլյագեր» ֆիլմի համար, որում Օֆրան գլխավոր դերում էր, ոչ մի ռադիոկայան Իսրայելում չէր ներկայացնում երգի բառերի պատճառով: Այնուամենայնիվ, կարճ ժամանակում երգը դառնում է շատ հանրահայտ, և հինգ շաբաթ անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղն Իսրայելի երաժշտական թոփ-շքերթներում: Նրա առաջին, ինչպես և երկրորդ, երրորդ ու մի քանի այլ սկավառակներ դարձան ոսկե:

Oֆրան երգել է Մայքլ Ջեքսոնի, Ուիթնի Հյուսթոնի, Խալեդի, Սարա Բրայթմանի և շատ ուրիշների հետ: ՁԻԱՀ-ի արդյունքում բարդացած թոքաբորբը տարավ նրա կյանքը, ինչը դարձավ քննարկումների առիթ Իսրայելում: Նրա ամուսնուն սկսեցին մեղադրել Հազայի մահվան մեջ: Ամուսնու պնդմամբ Խազան ՄԻԱՎ էր ձեռք բերել հիվանդանոցում վիժելուց հետո արյան փոխներարկման ժամանակ:

2005 թ. «200 ամենանշանավոր իսրայելցիները» ցուցակում Օֆրայի օգտին քվեարկողները նրան հասցրեցին 32-րդ հորիզոնականին իսրայելական Ynet կայքում:

«Օֆրան վեր խոյացավ Հատիկվայի հետնախորշերից, որպեսզի հասնի իսրայելյան մշակույթի գագաթին: Նա հետք է թողել բոլորիս վրա»:
~ Էհուդ Բարակ, Իսրայելի նախկին վարչապետ:

alexinjan

Վասիլի Ալեքսանյան
[1971 – 2011]

Ռուսահայ փաստաբան, բիզնեսմեն և Юкос նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլին կալանավորվեց դրամական միջոցների լվացման և ուրիշի ունեցվածքի հափշտակման գործում մասնակից լինելու մեղադրանքով: Դատախազության տեղեկությունների համաձայն՝ նա հափշտակել էր Томскнефть ընկերության ունեցվածքը, ինչպես նաև մի քանի նավթարդյունահանման և նավթավերամշակման ընկերությունների ակցիաներ։ 2008թ. Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի Ռուսաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չորս հոդված էր խախտել՝ ձերբակալելով Ալեքսանյանին: Դատարանը որոշեց, որ Ալեքսանյանը պետք է ազատ արձակվի անհապաղ: Նրան ազատ արձակեցին հաջորդ տարի` 50.000.000 ռուբլի (ավելի, քան 1.5 մլն. ԱՄՆ դոլար) գրավի դիմաց: Մահացավ 2011 թ. ՁԻԱՀ-ի հետևանքով առաջ եկած բարդությունների պատճառով:

Ցայսօր էլ տարբեր են կարծիքներն առ այն, թե Վասիլի Ալեքսանյանը քաղաքական բանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ընթացակարգով երեք անգամ որոշումներ է կայացրել, որ Ալեքսանյանն անհապաղ ազատ արձակվի: Բայց համակարգը դիմադրում էր: Դա մեր քաղաքական և իրավապաշտպան համակարգի դաժանության վառ ցուցադրումն էր…»:
~ «Հանուն մարդու իրավունքների» շարժման առաջնորդ Լև Պոնոմարյով

Image94

Մայքլ Կյունեն
[1955 – 1991]

Մայքլը գերմանական նեոնացիստական շարժման առաջնորդներից էր: Գերմանիայում առաջիններից էր, որ Երկրորդ աշխարհամարտից հետո նորից բացահայտ ձևով ընդունում էր նացիզմ և կոչ էր անում կազմավորել Չորրորդ Ռեյխ: Իշխանություններին, որոնք փորձում էին ճնշել նեոնացիստական շարժումը, շփոթեցնելու համար նա միաժամանակ մի քանի նեոնացիստական խմբակներ էր հիմնադրել:
Երբ 1986 թ. երկրորդ անգամ էր բանտարկված, նա ինքնակամ բացահայտեց իր նույնասեռական լինելը: Երբ նեոնացիստական շարժման մեջ նրան մեղադրում ու քննադատում էին, նա պատասխան հակափաստարկներով նշում էր, որ՝

  • Ընտանիք չունենալը նշանակում էր, որ ինքը կարող էր ավելի շատ ժամանակ տրամադրել պայքարին,
  • Էռնեստ Ռյումն էլ էր նույնասեռական:

Կյունենը հետպատերազմյան արևմտյան Գերմանիայի նեոնացիստական առաջնորդներից ամենախարիզմատիկներից մեկն էր, և նույնասեռականության բացահայտումն ու ՁԻԱՀ-ից հարուցված նրա մահն առիթ դարձան նեոնացիստական խիստ հոմոֆոբիկ միջավայրում նույնասեռականության թեմայի քննարկման համար: Նույնիսկ նրա մահվանից հետո նեոնացիստական ֆրոնտի առաջնորդ դարձավ այն մարդը, որին առաջնորդ ընտրել պատգամել էր Կյունենը:

———————————————-

ՄԻԱՎ-ը ոչ մի դեպքում առավելություն չէ, այնուամենայնիվ այն մահվան կնիք չէ, ինչպես որ շատերն են կարծում. ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կարող են ավելի երջանիկ ապրել՝ շարունակելով ամբողջապես ինտեգրված լինել հասարակության մեջ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրով զբաղվող ակտիվիստների և մասնագետների մեծագույն նպատակն է «Հասնել զրոյի».

  • 0 ՄԻԱՎ-ի նոր դեպք,
  • 0 Խտրականություն,
  • 0 մահ ՁԻԱՀ-ից:

Սևակ Կիրակոսյան

Վիճակագրական տվյալների աղբյուրը` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն