Ցույցերի ժամանակ Րիմ Սարդարյանը ոտքը վնասել էր: Երկու օր տանը մնալով՝ նա շարունակում էր պայքարել առցանց, ու քանի որ նրան դուր չէր գալիս, որ հրապարակի հարթակից միայն տղամարդիկ են խոսում ու մարդկանց դիմում՝ միայն եղբայրներ ասելով, սոց ցանցերով փորձում էր իր կարծիքը հարթակ հասցնել․ «Բոլոր ծանոթներիս գրում էի, բոլոր տեղերը քոմենթ էի գրում, թագում էի ում կարայի»։

24-ամյա ակտիվիստը պատմում է, որ այն տարածքներում, որտեղ ինքն էր պայքարել, ավելի շատ կանայք էին, քան տղամարդիկ, ու մի բան էլ էր նկատել, որ «Տղերքին հեշտ էր համոզելը։ Մենք աղջիկներով փակում էինք փողոցը, վարորդը գալիս ինչ-որ տղու հետ էր խոսում՝ ախպեր բացեք փողոցը, տեղ ունեմ գնալու։ Մի էրկու րոպե խոսալուց հետո գալիս, մեզ ասում ա՝ էրեխեք բացեք, վռազ գործով տեղ ա գնում։ Ասում ենք՝ մի րոպե էլի, դու ինչից ենթադրեցիր, որ պետք ա գաս, մեզ ասես «բացեք փողոցը»։

Այն տարածքներում, որտեղ Րիմն էր պայքարում, ավելի շատ կանայք էին

Րիմը պայքարին միացել է ապրիլի 16-ից, մինչ այդ Երևանում չէր։ Երբ հասկանում է, որ շարժումը տղամարդակենտրոն է՝ «Օրինակ, նստարանը կինը ուզում ա վերցնի փակի փողոցը, ինչ-որ տղա գալիս, ասում ա՝ քուրս թող ես կփակեմ, կամ տղաներով հավաքվում ինչ-որ բան են որոշում, գալիս ասում են՝ էս ենք անում», իր աղջիկ ընկերների հետ՝ մի 10 հոգով հավաքվում ու իրենց խմբով են գործողություններ անում, ու որպեսզի ոստիկանների ձեռքը չընկնեն․ «Մենք ամբողջ խաչմերուկն էինք փակում, որ ոստիկանները մեքենայով չկարողանան մոտիկանալ։ Տենց փակ էր մնում, մինչև վազելով գալիս էին, հենց տեսնում էինք գալիս են, փախնում էինք, գնում էինք ուրիշ խաչմերուկ էինք փակում։ Էդ ընթացքում մեզ մարդիկ էին միանում։ Իրանք փակ պահում էին, մենք վազում էինք մյուս խաչմերուկն էինք փակում»։

Առաջին օրերին, երբ քչերն էին հավատում շարժման հաջողությանը, ԼԳԲՏԻ ապաստարանի նախաձեռնության համակարգող Րիմ Սարդարյանը զարմացել էր, որ ԼԳԲՏ համայնքից այդքան շատ մարդ է մասնակցում, այն էլ առաջնագծերում, որովհետև․ «Գիտես, որ քո վրա ավելի շատ կարա լինի ճնշումը տանեն ոստիկանություն մի հատ ծեծեն, որ փողոց ես փակել, մի հատ էլ ավել խփեն, որտև դու ուրիշ ես, ասենք՝ ղզիկ ես։ Բայց որ տեսա էդքան ԼԳԲՏ մարդ կա, ասեցի՝ մի րոպե, էս ինչ կայֆ  ա»։

Րիմը զարմացել էր, որ ԼԳԲՏ մարդիկ շատ են

Րիմն իր արտաքին տեսքի համար միշտ կողքից մեկնաբանություններ ու ռեպլիկներ է լսել ու անհարմար իրավիճակներում հայտնվել․«Ասենք, մտնում եմ զուգարան, աղջիկները տարօրինակ են նայում կամ ասում են՝ տղերքինը էնտեղ ա, էս աղջիկներինն ա կամ հետևիցս խոսում են՝ էս աղջի՞կ էր, թե տղա»։ Բայց նշում է, որ ցույցերի ժամանակ ընդամենը մեկ անգամ են հետևից խոսել՝ իրար մեջ փսփսալով՝ մեկը մյուսին հարցրել է՝ էս աղջիկ ա, թե տղա․ մյուսն էլ, թե՝ «Դե ոնց պատահի, երբ ոնց ուզի։ 3 տղաներ էին 14-15 տարեկան»։

Այդուհանդերձ նա վախ ուներ, որ հասարակության հետ համերաշխության մթնոլորտը կարող է վերանալ․ «Ես ցույցերի ժամանակ նայում էի շուրջս ինչքան տարբեր մարդիկ կային, ես ուրախանում էի, որ իրար հետ կանգնած ենք նույն բանի համար, բայց վախ էր մեջս առաջանում, որ վաղն էս մարդիկ դուրս են գալու մերժեն ԼԳԲՏ մարդկանց՝ ինձ, իմ ընկերներին։ Բայց էդ պահին մենք իրար հետ էինք էդ ամեն ինչը սարքում։ Ես կուզեի, որ դա մարդկանց մեջ մի բան փոխեր, ինքը դուրս չգար իմ դեմ, որտև իրար հետ ինչ-որ բանի ենք հասել»։ 

      Օրը, երբ շարժումն անվանվեց Սիրո և համերաշխության հեղափոխություն

Ի վերջո, Րիմի առցանց պայքարն իրարդյունքը տվեց, ապրիլի 18-ին Հրապարակի հարթակից կին ելույթ ունեցավ ․  «Ես երեկոյան լայվն եմ նայում, մեկ էլ դուրս ա գալիս [«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ] Մարիա Կարապետյանը։ Սկսում ա խոսել կանանց ներգրավվածության մասին ու քույրերով ա դիմում շարժման մասնակից կանանց, ու նաև խոսում ա տարբեր խմբերի ներգրավվածության մասին, թե ինչքան կարևոր ա, ինքը ինչքան ուրախ ա, որ տարբեր խմբեր ներգրավված են։ Ու ես գոռում եմ, վազում եմ տան մեջ։ Ու տնեցիք չեն հասկանում ինչ ա կատարվում, ասում են՝ ի՞նչ ա էղել, Սերժը հրաժարակա՞ն ա տվել, Բաղրամյան 26-ն են գրավել։ Ասում եմ՝ չէ, չէ, աղջիկ ա խոսացել, աղջիկների մասին ա խոսացել»։

Օրեր անց հարթակից ելույթ ունեցավ Ելք խմբացկությունից Երևանի ավագանու անդամ Զառա Բաթոյանն՝  ասելով, որ Հայաստանում մարդը պետք է բարձրագույն արժեք լինի անկախ սեռական կողմնորոշումից«Ես հրապարակում էի էդ ժամանակ, իմացա, որ նման բան ա ասել, ուրախացա։ Առաջին անգամ Հանրապետության հրապարակում մի քանի տասնյակ հազար մարդ ա հավաքված ու սեռական կողմնորոշում բառն ա հնչում։ Մի պուճուր հաղթանակ էլ էդ էր»։

          Րիմի գրառումը Զառա Բաթոյանի ելույթից հետո, որ խոսելով   ներառականության մասին՝ Բաթոյանը նաև նշել է սեռական կողմնորոշումը։

 

Հովհաննես Իշխանյան