2Սեռը փոխած Լիլիթ Մարիտիրոսյանը երկու կոնֆետի վրա բացատրում է` մի կոնֆետը նույնասեռականն է, մյուսը` տրանսգենդերը, գնում են աշխատանքի ընդունվելու, արտաքինից չեն տարբերվում, բայց տրանսգենդերի ձայնային տոնայնությունը մատնում է նրա գենդերային ինքնությունը, ու դրա պատճառով աշխատանքի չեն ընդունում:

Կոնսերավոտրիայի ջազ-վոկալ բաժինն ավարտած 24-ամյա Լիլիթը նման օրինակ է բերում կրթական համակարգի վրա, որ նույնասեռականները կարող են իրենց սիրելի հագուստով դասի գնալ, իսկ տրանսգենդեր տղան, եթե կանացի շորով գնա դասի. «Պատկերացնո՞ւմ ես, ինչ կկատարվի էդ ամբողջ ԲՈւՀ-ական հաստատությունում», – ասում է Լիլիթը, որը նույնպես դասի գնալուց իրեն զսպում էր իր սիրելի շորերը հագնելուց:

Տրանսգենդերների կրկնակի խոցելիությունը Լիլիթին դրդեց 2015թ. հիմնել տրանսգենդերներրի իրավապաշտպան «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է Հայաստանը ապահով երկիր դարձնել տրանսգենդեր անձանց համար. «Իրավունքի կողմ, այսինքն, մենք պետք ա գնանք բոլորս դեպի իրավունքի կողմը»,- բացատրում է նա:

3

Լիլիթ Մարտիրոսյանը: Մարմնով իգական սեռի է, անձնագրով` դեռևս արական

Կազմակերպությունում աշխատում են 4 հոգով և, ինչպես ինքն է ասում, ունեն «կամավորների մի ամբողջ բանակ»:

«Մեր թիմում կա բժիշկ, էրեխեքից մեկը պարող է: Մենք հիմա նոր ծրագրով ենք պատրաստվում դիմել դոնորներին. տրանսգենդերների զարգացման ծրագիր է կոչվում, որ մեր թիմով փորձենք մեկս պար սովորեցնի, մեկս երգ-վոկալ սովորեցնի, մեկս խոհարարություն, մեկը բժշկություն: Փորձենք տրանսգենդերներին իրենց տան ու ճնշող մթնոլորտից դուրս հանել »:

Բացի տրանսգենդերների զարգացման ծրագրից, նրանք պատրաստվում են հոգեբանական, սոցիալական, իրավական ու կրթական ծառայություններ տրամադրել:

Այդպիսով, կազմակերպությունը նաև նպատակ ունի տրանսգենդերներին դուրս բերել սեռական ծառայություններ տրամադրելու աշխատանքից, ու թեև Լիլիթը դեմ չէ, որ մարդիկ իրենց ուզած աշխատանքով զբաղվեն, սակայն ասում է, որ շատերը սեքս առևտրով են զբաղվում գումար չունենալու պատճառով և շատերն իրենց են դիմում այդ կյանքից հանելու խնդրանքով, քանի որ ամեն օր վտանգի մեջ են.

«Շատ դեպքեր են լինում` դանակահարության, վախեցնելու, ատրճանակ են պահել: Ու ես ունեմ մոտավորապես 27-ից ավելի ոստիկանությունից տրամադրված թղթեր», – ասում է Լիլիթը ու նշում, որ Կամայգում կանգնող սեքս աշխատողների շնորհիվ էր, որ այսօր մարդիկ գիտեն տրանսգենդերների գոյության մասին.

«Կոմայգու էրեխեքը բերեցին հասցրեցին մի հատ կետի, որ մարդ հասկացավ տրանսը ով է, ճիշտ է մի քիչ սխալ հասկացան, բայց հասկացան, որ տղա է աղջկա շորերով: Դու պատկերացնո՞ւմ ես ինչքան մարդ կանցնի գիշերով ու հետո բումերանգի պես կֆռա ու կհասկանա, որ ինքը տեսավ իրա աչքով էդ երևույթը: Մարդիկ հիմնեցին, մարդիկ ծեծուջարդով կանգնան, մարդիկ շատ բան ապացուցին»:

Լիլիթի կյանքը նույնպես բռնություններով լի է: Նա հիշում է, որ իրեն ու ընկերուհուն փողոցում կանգնեցրել, ծեծել էին, հիշում է` երկու տարի առաջ հիվանդանոց էր գնացել կրծքերում իմպլանտներ տեղադրելու, ինչը հիվանդանոցի հսկիչներին դուր չէր եկել ու հենց հիվանդանոցում իրեն ու ընկերուհուն ծեծել էին:

Բայց մեղավորները չեն պատժվում, որովհետև իրավաբանները, փաստաբանները չեն ցանկանում պաշտպանել տրանսգենդերների շահերը ու, բացի դա, նրանք վճարունակ չեն այդ ծառայություններից օգտվելու համար: Դրա համար Լիլիթն այժմ իրավագիտություն է սովորում և նշում տրանսգենդերներին վերաբերող օրենսդրական խոչընդոտները` սեռափոխության վիրահատության և հորմոնաթերապիայի արգելքը Հայաստանում, որի պատճառով տրանսսեքսուալները ստիպված արտերկրում են փոխում սեռը:  

«Տրանսգենդերը լայն հասկացություն է: Տղամարդը կարող է իրեն հայելու մեջ նայի ու ասի, որ ես տրանսգենդեր եմ, դա հոգեսոցիալական վիճակն է մարդու (կոչվում է տրանսվեստիտ, խմբ.): Տրանսսեքսուալներն այն մարդիկ են, որոնք ուզում են իրենց հոգեկան ամբողջ ապրումները, իրենց մարմինը բերեն համապատասխանացնեն հոգեկան այդ վիճակին (սեռափոխության վիրահատության և հորմոնաթերապիայի միջոցով, խմբ.)»:

Մարդու ինքն իր հոգեկան վիճակին համապատասխանելու ցանկությունը խտրականությունների, ոտնձգությունների, բռնությունների պատճառ է Հայաստանում: Դրա համար տրանսգենդերներից շատերը փորձում են հեռանալ երկրից ու իրենց կյանքը դասավորել, այն պետություններում, որտեղ ավելի լավ են հասկանում, թե ովքեր են տրանսգենդերները:

Թե ինչո՞ւ Լիլիթը շատ տրանսգենդերների պես չուզեց լքել Հայաստանն ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, փոխարենը լծվեց իր և իրա համայնքի իրավունքների պաշտպանության ռիսկային պայքարին, մի քանի պատճառ է բերում: Նախ այն, որ Հայաստանից դուրս ապրել չի կարողանում. «Էդ դրսի ձայնը միշտ էլ քաղցր է բոլորիս համար: Ես գնացել էի Ստամբուլ ուզում էի էնտեղից փախնեի գայի ստեղ, որտովհետև ես չեմ կարողանում ուրիշ տեղ երկար մնամ»:

Մյուս պատճառն այն է, որ նա ուզում է հայ տրանսգենդերների համար փոփոխություն բերել երկրում. «Հայաստանը տրանսգենդեր մարդկանց համար պետք է դարձնենք բարեկեցիկ և ապահով երկիր, պետք է այնպես անենք, որ տրանսգենդերները չուզենան Հայաստանից գնան»:

4

Տրանսգենդերների դրոշը

Նպատակներին հասնելու համար Լիլիթը համոզված է, որ պետք է ռիսկով լինել, վստահ է, որ չլինի ռիսկ, չի լինի փոփոխություն և դրա համար. «Չզարմանաք, երբ որ ես իմ թիմով տրանս դրոշը բռնեմ ու փողոցով քայլեմ»:

 

Հովհաննես Իշխանյան