utopianaՓողոցում աչքներովդ ընկե՞լ է մեկ նոտայով լարած դաշնամուրներ, ձևափոխվող բեռնատար կամ մարդիկ, որոնք մետրոյի մոտ Շուշանիկ Կուրղինյան են ընթերցում: Այդ «Ուտոպիանա.ամ» հասարակական կազմակերպությունն է, որն այդպես է ուշադրություն հրավիրում իրեն անհանգստացնող խնդիրներին:

7 դաշնամուր Կարապի լճի մոտ, չնայած նախատեսված էր տեղադրել Ազատության հրապարակում, դաշնամուրներից մեկը` լարած մեկ նոտայով, մյուսները`չլարած, թեև բոլորը պետք է լինեին մեկ նոտայով, որպեսզի արտացոլեին Հայաստանի քաղաքական կյանքում ձայների միալարությունը: Բայց «Ուտոպիանա.ամ»-ի նախագահ Նոռա Գալֆայանի գնահատմամբ արվեստագետներ Աննա Բարսեղյանի և Հարություն  Ալպետյանի  հեղինակած «Դաշնամուր լարողը» ծրագիրը սխալ ընկալվեց:

«Դիմել էինք Երևանի քաղաքապետարան` Ազատության հրապարակում տեղադրելու: Չթողեցին, ասացին` դրեք Կարապի լճի մոտ: Հետո Հարութը չէր հասցրել բոլոր դաշնամուրները մի նոտայով լարել: Դաշնամուրը լրիվ այլ բան դարձավ, մեկնաբանվեց որպես էսթետիկ նախագիծ` թե դաշնամուրները դրած էին, որ մարդիկ գան նվագեն, հաճույք ստանան», – պատմում է Գալֆայանը:

Արվեստագետներ Աննա Բարսեղյանի և Ստեֆան Կրիստենսենի 2001թ. հիմնած «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական կազմակերպությունն ի սկզբանե նպատակ ուներ խորհրդային սերնդի արվեստագետներին մեկուսացումից դուրս հանել: Սերնդափոխության արդյունքում այդ խնդիրն ինքն իրեն լուծվեց, և, ինչպես Գալֆայանն է ասում, անկախ Հայաստանի սերունդը իր գիտելիքներով` հիմնականում լեզվի իմացությամբ, կարողանում է իր ճարը տեսնել ու ներգրավվել միջազգային շրջանակներում: 2007թ. սկսած «Ուտոպիանա»-ն իր առջև թեմատիկ խնդիրներ է դնում: Այժմ կազմակերպության ուշադրության կենտրոնում է արխիվը, կրթությունն ու սերնդափոխությունը և անկախ հասարակական դաշտում կառույցների ինքնուրույն օրակարգ ձևավորելու հարցը:

«Մեր օրակարգը ձևավորում են ֆոնդերը, որոնք մեզ գումար են տալիս: Դա լուրջ խնդիր է, որ պետք է որպես դիրքորոշում ու որպես աշխատելոճ ընդունենք, փորձենք ինչ-որ լուծումներ առաջարկել», – ասում է Նոռա Գալֆայանը` բացատրելով անկախ օրակարգ ձևավորելու կարևորությունը:

Սերնդափոխության և կրթության հետ առնչվող «Մեդիալաբ» ծրագիրը, որն այլընտրանքային ուսուցում է առաջարկում երիտասարդներին, իր միջոցները հայթայթել է բազմության օժանդակությամբ (crowd-funding): Վեց ամսյա ազատ կրթական նախագիծը ուսուցանում է լուսանկարչությանը, մոնտաժին, օպերատորական աշխատանքին և ստեղծագործական գրելաձևին վերաբերող առարկաներ:

«Ուտոպիանա»-ի որոշ գաղափարներ ծագել են Մաշտոցի պուրակի շարժման ժամանակ, այդ թվում` «ACTV» ծրագիրը, որն առնչվում է արխիվի հետ: 2012թ. գործող առցանց վիդեո նախագիծն ուղղված է հանրային ոլորտ հասկացությունը վերաիմաստավորելուն:

greenpiano2«Ոչինչ, որ մեր երկրում կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Ես արտասահմանից եկած իմ հյուրերին կարող եմ բերել և ցույց տալ այս բոստան դաշնամուրը: Կարևորը ցույց տալու բան լինի»,- ասվում է քաղաքապետարանի էսթետիկ նախաձեռնությունները հեգնող` «ACTV»-ի պատրաստած «Իմ ղառի մայրաքաղաք»-ը տեսանյութում` ցույց տալով Կարապի լճի մոտ տեղադրված խոտածածկ ու ծաղիկներով պատված դաշնամուրը:

Կարևորելով հանրային տարածքները վերաիմաստավորելու գաղափարը, հատկապես` հաշվի առնելով Հայաստանի անկախացումից հետո շատ տարածքների սեփականաշնորհումը` «Ուտոպիանա»-ն արվեստի տարբեր միջոցներ է ձեռնարկում հանրային տարածքների վրա ուշադրություն հրավիրելու համար:

Սոցիոլոգ Արևիկ Մարտիրոսյանը հանրային տարածքներին առնչվող «Սփեյսիս» նախագծի շրջանակում Հանրապետության Հրապարակի Մետրոյի շատրվանների մոտ 2013թ. կազմակերպել էր ֆեմինիստ գրող Շուշանիկ Կուրղինյանի բանաստեղծությունների ընթերցում: Գալֆայանը պատմում է, որ տարածքը վերահսկող անձիք թույլ չէին տալիս իրականացնել այդ միջոցառումը` ասելով, որ այն մետրոպոլիտենի տարածքն է, բայց նա հավատում է, որ նման փոքր գործողություններով հնարավոր է հասնել հաջողության.

«Էդ ըմբոստության քայլերով փորձում ես թեկուզ ժամանակավոր հաստատել էդ տարածքներում քո իրավունքները: Եթե նախադեպեր լինեն, հնարավոր է այդ տարածքներն ավելի երկար դառնան հանրային», – կարծում է «Ուտոպիանա»-ի նախագահը:

Պետական մարմինների հետ ունեցած հակասությունների հետ հանդերձ, «Ուտոպիանա»-ն չի խուսափում իշխանությունների հետ համագործակցությունից: Մշակույթի նախարարության «Ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների» վարչության ղեկավար Սոնա Հարությունյանի նախաձեռնությամբ «Ուտոպիանա»-ն հանդիպում էր կազմակերպել հայ ժամանակակից արվեստի դաշտի գործիչների և վարչության ներկայացուցիչների հետ, սակայն այդ քննարկումը որևէ դրական արդյունք չէր տվել:

Հովհաննես Իշխանյան