transformer2Բեռնատարը ձևափոխվում դառնում է կինոթատրոն, համերգի բեմ, խոհանոց կամ համակարգիչներով հագեցած դասասենյակ: Կուզես գիտելիքներդ փոխանցի երեխաներին, կուզես գործընկերներիդ հետ մտքերով փոխանակվի կամ մարզեր կարտոֆիլ տեղափոխի:

«Ինչո՞ւ քաղաքացիական հավաքները մոբիլ չլինեն»: Մաշտոցի պուրակի շարժման ժամանակ «Ուտոպիանա.ամ»-ի մոտ ծագած այս միտքը ձևավորվեց երեք տարի ու արդեն անիվների վրա շրջում է քաղաքից քաղաք, անունն էլ` «Տրանսֆորմեր»:

Կապույտ բեռնատարը դարձավ ճարտարապետ Ստեֆան Պրեսսի ու արվեստագետ Աննա Բարսեղյանի հեղինակած հանրային տարածքը, որը շրջում է Հայաստանի մարզերով ու մարդկանց հնարավորություն տալիս կիսվելու իրենց մտահաղացումներով ու հետաքրքրասերներին կանչում` մասնակցելու իրենց ծրագրերին:

«Արվեստագետ Վահրամ Աղասյանը, ծրագիր էր ներկայացրել, որ գնան տարբեր տեղեր, հանդիպեն էնտեղի արվեստագետների հետ ու [բեռնատարի] խոհանոցում նստեն հաց ուտեն », – պատմում է «Տրանսֆորմեր» ծրագրի համակարգող Նանոր Պետրոսյանը` նշելով, որ տարբեր քաղաքներում և գյուղերում 8 ծրագիր են արել, ինչպես նաև մեկնել են Վրաստան` մասնակցելու արվեստագետների հարավկովկասյան «Մեկ Կովկաս» փառատոնին:

transformer1Միայն արվեստագետները չեն, որ կարող են իրենց գաղափարով ներկայանալ «Տրանսֆորմեր»-ին: Բեռնատարի միջոցով տեղի են ունեցել համերգներ, լուսանկարչական, լրագրողական ու այլ դասընթացներ, զանազան թեմաներով գիտաժողովներ և դասախոսություններ, ֆիլմի ցուցադրություններ, քաղաքցիական հասարակության հավաքներ:

«Թեհմինե Ենոքյանը Ճամբարակում լրագրողական աշխատարան (workshop) էր անում»,- պատմում է Պետրոսյանը,- «Իրա էրեխեքից մեկը քաղաքում ասվալտի ու ճանապարհների խնդրի մասին վիդեո էր սարքել, որը դրել էինք մեր կայքում: Բայց հավանաբար գյուղապետարանի պահանջով, մասնակիցը խնդրեց հանել»:

Պետրոսյանն ասում է, որ «Տրանսֆորմեր»-ի ծրագրերը նաև փորձել էին գրաքննել Վանաձորում, ինչի հետևանքով տապալվել էր բեռնատարի տեղակայումն այդ քաղաքում:

Այդուհանդերձ, ոչ բոլոր բնակավայրերն են բացասաբար վերաբերվում ձևափոխվող մեքենային: Օրինակ, Գյումրիում թույլտարել են բեռնատարը կայանել կենտրոնական հրապարակում:

transformergyumri«Մեր ցանկությունն է, որ 100-150 հոգի ամեն միջոցառմանը ներկա լինի: Եղել է 50 հոգի է նստած եղել, եղել է 3 հոգի, եղել է ծրագիրը հանել ենք: Բայց գուցե էսպես էլ պիտի լինի Հայաստանում, որովհետև մարդիկ ունեն սոցիալական մեծ խնդիրներ ու դրա պատճառով էսպիսի բաները իրենց ամենևին չեն հետաքրքրում»,- ասում է Պետրոսյանը` ավելացնելով, որ այս տարի իրենք ավելի ընդգրկուն գործ անելու նպատակ ունեն, որին կներգրավվեն ակտիվիստներ, հասարակական գործիչներ, այն մարդիկ, որոնք տեսնում են «Տրանսֆորմերի» ապագան ու իրենց են պատկերացնում մեքենայի մեջ:

Բացի դա, «Տրանսֆորմեր»-ի շրջանակներում նախատեսվում է առցանց բլոգ ստեղծել, որպեսզի ծրագրի դասընթացավարների ու մասնակից երիտասարդների միջև կապը շարունակական լինի. «Էնպես չլինի, որ էկանք, տեսանք, գնացինք»,- ինչպես ասում է Պետրոսյանը:

«Տրանսֆորմեր»-ը բաց է ցանկացած գաղափարի համար: Պարզապես պետք է այն ուղարկել «Ուտոպիանա.ամ»-ին, որի խորհուրդը կվորոշի` արդյոք այն համապատասխանում է «Տրանսֆորմեր»-ի գաղափարախոսությանը ու նպատակահարմար է այն իրականացնել, թե ոչ:

Ընրտեց ընտրեց, չընտրեց, ուրիշ ծրագրով դիմեք:

Հովհաննես Իշխանյան