logo1Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը արդիական է բոլոր ժամանակներում և պետք է առաջնային լինի յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակության համար:

1998 թվականի մարտի 21-ից Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործունեությունն է ծավալում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ որպես Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեի մասնաճյուղը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող անկախ կազմակերպություն է: Այն միավորում է ժողովրդավարության, հանդուրժողականության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների: Այս հասարակական կազմակերպության գործունեության շրջանակները ներառում են մարդու իրավունքների պաշտպանության, շահերի պաշտպանության, քաղաքացիական նախաձեռնությունների, նաև խաղաղասիրության ոլորտները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ամենաակտիվ կազմակերպություններից է: Իրավապաշտպան այս կազմակերպության գործառույթները կենտրոնացած են օրենսդրական բացերի, թերությունների և անկատարության վերհանման, ռազմավարական դատավարությունների իրականացման, սոցիալապես խոցելի քաղաքացիներին անվճար իրավական աջակցության տրամադրման և մարդու իրավունքների բնագավառում հետազոտությունների անցկացման ու հաշվետվությունների կազմման վրա:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մեծ ուշադրություն է դարձնում նաև խաղաղաշինության բնագավառին: Հայաստանը, գտնվելով հակամարտությունների կիզակետում, առավել մեծ պահանջ ունի այդ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու: ՀՔԱ-ն զբաղվում է ոչ միայն նման խնդիրների խաղաղ լուծմամբ, այլև կոնֆլիկտի մեջ գտնվող հասարակության ներկայացուցիչներին իրազեկելով` նրանց միջև համագործակցության զարգացման միջոցով:

Իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրվող և հետազոտվող խնդիրների շարքին է դասվում նաև հանդուրժողականության սերմանումը: Հայաստանի քաղաքացիների շրջանում Սահմանադրությամբ ամրագրված ազատությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ընկալվում է տարբեր կերպ, ինչը հաճախակի հանգեցնում է անհանդուրժողականության: Իսկ վերջինս, իր հերթին, առաջացնում է խնդիրներ ԼԳԲՏ անձանց կամ կրոնական փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի հետ հարաբերությունների ընթացում:

ArturSakuntsՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայիս ղեկավարն է Արթուր Սաքունցը: Ստորև ներկայացնում ենք պրն. Սաքունցի հարցազրույցը:

– Որո՞նք են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հիմնադրման դրդապատճառները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան մուտք է գործել Հարավային Կովկաս 1992թ-ին: Այն ստեղծվել է 1990-ին Վացլավ Հավելի նախաձեռնությամբ:Այն նպատակ ուներ աջակցելու քաղաքացիական հասարակության ձևավորմանը հետխորհրդային և հետսոցիալիստական տարածաշրջաններում: 1992թ-ին իրենց առաքելության իրականացման նպատակով հիմնվեցին Ազգային կոմիտեներ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան իր ներկայացուցչությունն ուներ նաև Լեռնային Ղարաբաղում՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպությունը: 1998թ-ին հիմնադրվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեի Վանաձորի գրասենյակը:

– Ինչպիսի՞նն էր «Մարդու իրավունքների պաշտպանություն» հայեցակարգը 90-ականներին և ինչպիսի՞նն է այն այժմ:

Այդ ժամանակ խնդիրն այսպիսինն էր. պատկերացրեք՝ Խորհրդային միության փլուզումից հետո խնդիրը նոր համակարգերի ձևավորումն էր: Հարավային Կովկասում և Բալկաններում ՀՔԱ առաջնային խնդիրն էր աջակցել կոնֆլիկտների խաղաղ կարգավորման` խթանելով խաղաղաշինական առաքելությունը, աջակցոլվ պատերազմի բազմաթիվ ռազմագերիներին, անհայտ կորածներին` նպաստելով այդ ժամանակ հակամարտության մեջ ընդգրկված հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպումներին: Քաղաքացիական հասարակության ձևավորումը ներկայացրեց մարդկանց այն գործընթացները,որոնք անհրաժեշտ են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար: Սա լուրջ մարտահրավեր էր, և 1993 թ.-ին ՀՔԱ Հայաստանի կոմիտեն գրություն ուղարկեց մահապատժի վերացման մասին: Պատերազմից հետո 90-ականների վերջին պետական ինստիտուտներին զուգահեռ սկսեցին հիմնադրվել նաև քաղաքացիական ինստիտուտները: Գործունեությունը սկսվեց իրականացվել Վանաձորում, աստիճանաբար ներառելով Լոռու մարզը: 2000 թվականից առ այսօր զբաղվում ենք ինստիտուցիոնալ նշանակության խնդիրներով, դրանք փակ հաստատություններն են՝ հոգեբուժարաններ, քրեակատարողական հիմնարկներ, զինված ուժեր, հատուկ կրթական հաստատություններ: Ունենք ուսումնասիրություն իրականացված Վանաձորի ծերատանը և մանկատանը: Ծրագրում ենք շարունակել նման հետազոտությունները Վանաձորի բոլոր ծերանոցներում: Խնդիրը և՛ օրենսդրության բարեփոխումն է՝ աջակցելու, նպաստելու օրենսդրության համապատասխանեցմանը մարդու իրավունքների չափորոշիչներին` միջազգային մոտեցումները ամրագրմանը ազգային օրենսդրության մեջ, և՛ պրակտիկան: Առայժմ օգտագործում ենք մշտադիտարկումներ, իրավական խորհրդատվությունները և դատական պաշտպանությունը, միաժամանակ միջազգային կառույցներում ներկայացնել համապատասխան զեկույցներ, բարձրաձայնել այն խնդիրները, որոնք հնարավոր չէ լուծել ազգային մակարդակում: Աշխարհագրական տեսանկյունից աշխատում ենք չսահմանափակվել միայն Լոռու մարզով, կազմակերպությունը բավականին հայտնի է և տարածաշրջանի, և միջազգային կառույցների, ոչ կարավառական կազմակերպությունների կողմից ստեղծված ցանցերում, ինչպիսիք են` «Քաղաքացիական համերաշխություն», «Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանց», «Քաղաքացիական հասարակության ֆորում»: Սա դարձել է մեր գործունեության բնական ձևը:

hcavcampaign– Կարո՞ղ եք նշել մեկ սկզբունք, որով առաջնորդվում եք Ձեր աշխատանքում և ոչ մի դեպքում չեք դավաճանի այն:

Ընդամենը մե՞կ սկզբունք: Թերևս ամենակարևորը՝ մարդկայի արժանապատվության ոտնահարման հարցը երբեք չդարձնել դիվանագիտական ձևակերպման թեմա: Դիվանագիտությունն ասում եմ քաղաքականությամբ զբաղվողների տեսակետից: Այս հարցը չպետք է աճուրդի հանվի: Նման հարցերում պետք է լինել անզիջում, չհապաղել, չգնալ կոմպրոմիսների: Անհրաժեշտ է քննարկել, համագործակցել բոլոր կողմերի հետ, բայց համագործակցելը չի նշանակում զիջել: Պետք է սկզբունքային լինել դիրքորոշումներում, նույնիսկ եթե դիմացինդ չի ընդունում մոտեցումդ, դիրքորոշումդ, պետք է անել այնպես, որ նա հարգի այն, հաշվի նստի: Սա հետևողականություն է, սա խաղ կամ պարզապես գործ չէ, որով զբաղվում ես, սա փիլիսոփայություն է: Այդպիսին չեն ծնվում են, այդպիսին դառնում են։ Մարդկային արժանապատվության տեսանկյունից խնդիրներին մոտենալը, նամանավանդ Հայաստանի նման երկրի համար, կապված է շատ մարտահրավերների հետ: Եթե ապրում ես այդ միջավայրում, պետք է կարողանալ ցույց տալ, որ մանիպուլացիա կամ դերասանություն չես անում, դա հենց մարդկային արժանապատվության զգացումն է և դրա նկատմամբ հարգանքը: Եթե այդ գաղափարը կարողանում ես հասցնել գոնե երկու մարդու, և նրանք սկսում են խնդրին այդպես վերաբերվել, դա արդեն իսկ մեծ հաջողություն է:

– Որպես քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ, ի՞նչ խորհուրդ կտաք իրավապաշտպաններին և ակտիվիստներին:

Խորհուրդ տալն ամենաանշնորհակալ գործն է, որ կարելի է անել: Մեր նպատակը ոչ միայն խնդիրներով զբաղվելն է, այլև օրինակ լինելը, նախադեպերի ստեղծումը: Նախադեպ ասվածը վերաբերում է ոչ միայն դատական պրակտիկային, այլև հնարավորությունների ստեղծումն է: Պետք է հիշել, որ նույնիսկ ամենաանելանելի թվացող իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ միշտ էլ հնարավոր է քայլեր ձեռնարկել: Պետք է նաև լինել հետևողական, չլինել անտարբեր, կիսատ չի կարելի թողնել սկսած գործը: Անհնար, անելանելի, չլուծվող խնդիրներ չկան: Հիսթափվել չկա՛, պարզապես խնդրի լուծման համար ժամանակ է անհրաժեշտ:

Սիրան Վանյան