Socioscope«Սոցիոսկոպ» սոցիալական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոնը հիմնադրվել է 2008թ.-ին` մի խումբ երիտասարդ սոցիալական գիտնականների կողմից: Կազմակերպության նպատակն է նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարության կուռ համակարգի ստեղծմանը:

Նպատակին հասնելու համար «Սոցիոսկոպ» կազմակերպությունը իր գործունեությունը իրականացնում է երեք հիմնական ուղղություններով:

Առաջինը` ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացումն է մարդու իրավունքների, ժողովրդավարության, սոցիալական շարժումների և հարակից ոլորտներում: Հաջորդ ուղղությունը անմիջականորեն կապված է նախորդի հետ, քանզի կազմակերպությունը նաև բարձրացնում է հանրության շրջանակներում իրազեկվածության մակարդակը: Հետազոտությունից ստացված արդյունքները «Սոցիոսկոպը» ոչ միայն ակտիվորեն տարածում է հանրության շրջանակում` ցույց տալով իրավիճակը, այլ նաև հասարակության, հասարակական և դոնոր կազմակերպությունների, պետական կառույցների և այլ շահագրգիռ կողմերի համար կատարում է խորհրդատվություն` առաջարկելով իրականությունը բարելավելու հնարավոր արդյունավետ միջոցները: Երրորդ հիմնական ուղղությունը գնահատող հետազոտություններն են, որի շրջանակներում իրականացվում է զարգացման տարբեր ծրագրերի գնահատում` դրանք բարելավելու ու ուժեղացնելու համար:

«Սոցիոսկոպը» հանդիսանում է Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի» և «Մարդու իրավունքների տուն» ազգային ցանցի անդամ:

Առհասարակ, «Սոցիոսկոպ»-ի համագործակցության շրջանակը լայն է: Օրինակ, համագործակցելով հայտնի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» հետ, ֆոտոլրագրողական հետազոտությունն է անցկացվել Քաջարան քաղաքում, Քաջարանց գյուղում և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, որի անպատասխանատու գործունեությունը ու կառավարության անգործությունը ևս մեկ անգամ մատնացույց են անում Հայաստանում մարդու իրավունքների և սոցիալական արդարության ցածր մակարդակը:
Մեկ այլ համագործակցային նախաձեռնություն. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ` «Սիրահարների այգում, իրականացվել է «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» վերնագրով ցուցահանդեսը, որում տեղ գտած մարդու իրավունքները արտացոլող հարյուրից ավել լուսանկարներում մաս են կազմել Հայաստանի տարբեր շրջաններից ուղարկվածները` ի ուրախություն և զարմանս կազմակերպիչների:

Human rights in camera

«Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» ցուցահանդես

Ներկայումս կենտրոնը համագործակցում է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հետ: Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս առավել խորացնել հետազոտությունների գիտական ուղղվածությունը:

Շարունակական բնույթ են կրում նաև քաղաքացիական շարժումների հետազոտությունները: Շատ հետաքրքիր են Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ իրականացված բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների հետազոտության արդյունքները: Հետազոտությունները ցույց են տվել` հասարակության իրազեկվածությունը, իրավագիտակցությունը ու ներգրավածծությունը ցածր է: Մարդկանց մեծ մասը անտարբեր է հասարակական խնդիրների հանդեպ: Անտարբերության պատճառ հանդիսանում է ոչ միայն գիտելիքի պակասը, այլև տեղեկացված և մասնակից լինելու ցանկության բացակայությունը: «Սոցիոսկոպ» կազմակերպությունը եկել է այն եզրահանգման, որ հասարակությունը այս ամենից զատ ունի հավատի պակաս իր իսկ անձի, սեփական ուժերի, հասարակության, պետության, ինչու չէ նաև քաղաքացիական հասարակության ու տարբեր նախաձեռնությունների հանդեպ:

Ակնհայտ է, որ այս ամենը գալիս է ավելի լուրջ խնդրից` մարդու կողմից իր իսկ իրավունքների չիմացությունից:

«Սոցիոսկոպի» մասնագետները համոզված են, որ հասարակությունը այս խնդիրներից կազատվի միայն գիտելիքի և իր իսկ ուժերի նկատմամբ հավատի վերականգման դեպքում:Սակայն, ըստ նրանց, իրավունքների մասին գիտելիքի տարածման ներկայիս ձևը ինչ-որ չափով արդյունավետ չէ: Որպես լուծում առաջարկում են մարդու իրավունքների խախտման «զոհին» մասն դարձնել այդ իրավունքների պաշտպանությանը ուղղված շարժումների մեջ. այսինքն՝ օբյեկտից դարձնել գործող սուբյեկտ: «Եթե ոչ նա, ապա է՞լ ով կարող է իր նման զոհին հավատ ու վստահություն ներշնչել և´ քաղաքացիական հասարակության անշահախնդրության, և´ իրենց պայքարի հաջողության ու ճշմարտացիության հանդեպ: Մարիամ Գևորգյանը կարող է լինել հիանալի օրինակ վերոնշյալին: «Էլ ո՞վ կարող է առավել ընդունելի ու համոզիչ կերպով «ստիպել» ու «համոզել» կանանց, իր իսկ օրինակով, պաշտպանելու իրենց իրավունքներն ու պայքարելու դրանց համար»,- նշում է «Սոցիոսկոպ» աշխատակից Էվելինա Գյուլխանդանյանը և ավելացնում` յուրաքանչյուր մարդու ընդամենը պետք է ազնիվ մղում և կամք ամեն բան դեպի լավը փոխելու համար:

Մանե Պողոսյան
Մարիա Աբրահամյան