Women's Support Center«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Մարո Մաթոսյանը Հայաստան առաջին անգամ եկավ ընտանիքի հետ 1991 թվականին՝ ՀՀ անկախության հռչակումից մի քանի ամիս անց: Տիկին Մաթոսյանը Հայաստան էր եկել մեծ եռանդով և ոգևորությամբ, հայրենիքի համար մի լավ բան անելու մտադրությամբ, քանզի, իր իսկ պնդմամբ, միայն այստեղ կարող էր գտնել իր ինքնությունը: 1996-97 թթ.-ին երկրում տիրող շարունակական հուսահատությունը ստիպեց նրան վերադառնալ ԱՄՆ, որտեղից և եկել էր: Բայց չկարողանալով այլևս հարմարվել ամերիկյան հասարակությանը՝ մի քանի տարի անց ետ եկավ հայրենիք՝ իր լուման երկրի բարելավման գործում ներդնելու համար: Այստեղից էլ սկիզբ առավ կանանց իրավունքների ոլորտում նրա բուռն գործունեությունը, որն էլ հետագայում մարմին առավ, և որպես համագործակցության արդյունք ստեղծվեց «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Տիկին Մաթոսյանը նկատում է, որ ժամանակին ընտանեկան բռնության մասին խոսելը տաբու էր համարվում: Ճիշտ է, Հայաստանում թեմայի վերաբերյալ արդեն իսկ որոշակի ուսումնասիրություններ կան, բայց այնուհանդերձ կարիք կա գիտենալու, թե ինչ մեթոդներով պետք է աշխատել ընտանեկան բռնության անմիջական զոհերի հետ: Այս նպատակով կատարվեց բավականին մեծ աշխատանք՝ ուսումնասիրվեց հատուկ գրականություն, ընտրվեցին մասնագետներ աշխատանքի համար, որոնք էլ պարբերաբար մասնակցում են տարբեր վերապատրաստման դասընթացների ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում: Ահա այսպես 2010 թվականին «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Հայ կանանց միջազգային ասոցիացիայի» հետ համատեղ ստեղծվեց «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն, որն իր առջև նպատակ դրեց աջակցելու ՀՀ-ում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց: Կենտրոնն ունի թեժ գիծ, տրամադրում է իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է վերապատրաստման դասընթացներ տարաբնույթ թեմաներով և տրամադրում է այլ անհրաժեշտ ծառայություններ: Այն համագործակցում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ՝ փորձելով արմատավորել երիտասարդ կանանց շրջանում համապարփակ տեղեկություններ և արժեքներ առողջ ընտանիքի մասին, որում փոխհարաբերությունները խարսխված են ոչ թե վերահսկողության ու բռնության, այլ համերաշխության ու համագործակցության վրա: «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հիմնադիր անդամ է: Կոալիցիան յոթ ՀԿ-ների՝ ֆեմինիստական, սոցիալական և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի դաշինք է, որը լսելի է դարձնում կանանց նկատմամբ բռնության դեպքերը, խնդիրները, բողոքի ձայն է բարձրացնում մասնավոր դեպքերի լուսաբանման միջոցով՝ խոսելով ընտանեկան բռնության հիմնախնդրի մասին:

Milena Melkonyan, volunteer«Կանանց աջակցման կենտրոն»-ի հարկի ներքո գործում է նաև ընտանեկան բռնության թիրախ դարձած կանանց ապաստարան, որտեղ անվճար աջակցություն կարող են գտնել բռնության ենթարկված բոլոր կանայք: Տիկին Մաթոսյանի փոխանցմամբ, ապաստարանի ծառայություններից օգտվում են հիմնականում միջին տարիքի (25-ից 45 տարեկան) կանայք, հաճախ նաև նրանց երեխաները: Եթե ակնհայտ է դառնում, որ ընտանեկան բռնությունից հոգեբանորեն տուժել են նաև երեխաները, ապա նրանք ևս ապաստարան են գտնում և հոգեբանական օգնություն ստանում կենտրոնի մասնագետների կողմից: Իսկ եթե խորհրդատվության ընթացքում պարզվում է, որ երեխան նաև սեռական բռնության զոհ է, կամ այլ խնդիրներ ունի, ապա կենտրոնի աշխատակազմը նրան ուղղորդում է իրավասու կազմակերպություններ և մարմիններ` համապատասխան աջակցություն ստանալու:

Ապաստարանից կախվածությունը բացառելու նպատակով է, որ կանայք նրա հարկի տակ կարող են մնալ ոչ ավել, քան երեք ամիս: Երբ կնոջ առողջությունը կամ կյանքը վտանգված են, երբ նա վերջապես դադարում է զոհ գնալ տասնամյակներ տևած վախի մթնոլորտին, ուղեղի լվացումներին և ի վերջո համարձակվում է դուրս գալ բռնության ճիրաններից, նա գալիս է ապաստարան, որտեղ գտնում է անվտանգություն, առանձնություն ու աջակցություն: Համապատասխան մասնագետների հետ աշխատանքի արդյունքում` կանայք իրենց առջև դնում են նպատակներ և կենտրոնի աշխատակազմի օգնությամբ փորձում իրագործել դրանք: Ապաստարանը ուղղորդիչ դեր ունի. այստեղ մնալու ընթացքում բարձարանում է կնոջ տեղեկացվածության և իրավագիտակցության մակարդակը, նա սկսում է հստակ գիտակցել, թե ինչ բան է ընտանեկան բռնությունը, ինչպես կանխել այն և ինչպես արդյունավետ որոշումներ կայացնել բռնության ենթարկվելուց հետո, ինչպես պայքարել իրենց առջև ծառացած խնդիրների դեմ և նոր կյանք սկսել:

WSC teamՏիկին Մաթոսյանի խոսքերով, հայկական հասարակությունը լի է գերիշխող նահապետական կարծրատիպերով: Պետությունը պետք է ջանքեր ներդնի կանանց որակյալ ուսուցման համար, բոլոր հնարավոր միջոցներով քաջալերի նրանց քաղաքական և հասարակական կայնքում ընդգրկվածությունը՝ այդպիսով իսկ նպաստելով հայ կնոջ ներկայանալի կերպարի ստեղծմանը, ինչը, տիկին Մաթոսյանի կարծիքով, այսօր դեռ չունենք: Ընդ որում պետք է փոփոխել թե´ կնոջ պատկերացումները սեփական դերերի մասին, թե´ հասարակության մտածելակերպը: Սա մեկ կազմակերպության խնդիր չէ, այլ ողջ հասարակության գերխնդիրը: Ընտանեկան բռնությունը պետք է համապարփակ իրավական կարգավորում ստանա համապատասախան իրավական ակտում, ինչը թույլ կտա նվազեցնել ընտանեկան բռնության դեպքերի քանակը, դրանք վերահսկելի դարձնել և ապահովել բռնության զոհերի պատշաճ պաշտպանութունը: Սա է առողջ և անվտանգ հասարակական մթնոլորտի ստեղծման գրավականը:

Թույլ մի´ տվեք, որպեսզի ձեր իրավունքները խախտվեն, դուք պարտավոր չեք հանդուրժել բռնությունը, թույլ մի´ տվեք, որպեսզի ձեր երեխաները դաստիարակվեն նման մթնոլորտում, բարձրաձայնե´ք ձեր խնդիրների մասին, բռնության ենթարկվելու դեպքում զանգահարեք 08000 11 00 թեժ գծով ստանալու համար անվճար խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն:

Լռությունը փրկություն չէ, լուծումներ գտնել միշտ էլ հնարավոր է:

Լիլիթ Սարգսյան