Հանրության առողջությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է պաշտպանել մարդու իրավունքները:

«Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թվականին մի քանի նարկոլոգների կողմից: Կազմակերպությունն ի սկզբանե նպատակ է ունեցել հետամուտ լինել թմրանյութերի չարաշահման երևույթին և մեղմացնել թմրանյութերից կախվածության պատճառած վնասները և հետևանքները` թիրախում ունենալով թմրանյութերից կախվածություն ունեցող և ՄԻԱՎ-ով ապրող անձանց: Ելնելով շահառուների, թիրախ խմբերի շահերից` տարեցտարի ընդլայնվում է կազմակերպության գործունեության ոլորտը, ծառայություններն ու ծրագրերը, թիրախ խմբերը, ինչի արդյունքում «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» ՀԿ-ն վերամշակում և համալրում է կազմակերպության կանոնադրությունը, իսկ 2012 թվականի սկզբին վերանվանվում «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» ՀԿ:

«Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» ՀԿ-ն իրականացնում և կազմակերպության շահառուներին տրամադրում է.

  • թմրանյութերից կախվածության խնդիրների վերաբերյալ խորհրդատվական, բուժական և վերականգնողական անվճար ծառայություններ,
  • պացիենտների իրավունքների պաշտպանություն բուժօգնություն ստանալիս,
  • թմրանյութերից կախվածության վնասների մեղմմանը և նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում,
  • ներերակային ճանապարհով թմրամիջոցներ օգտագործողների վտանգավոր վարքագծի մոդելի փոփոխմանը, նրանց շրջանում ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտների և սեռավարակների կանխարգելմանն ուղղված ծրագրերի մշակում եւ իրականացում,
  • պացիենտների, նրանց հետ աշխատող բուժաշխատողների և այլ մասնագետների կրթում,
  • օրենսդրական փոփոխությունների նախաձեռնում և ջատագովություն,
  • նորարարական բնույթի ծառայությունների ներդրում և մատուցում և այլն:

Կազմակերպության հիմքում այն փիլիսոփայությունն է, որ յուրաքանչյուր մարդ լույս աշխարհ է գալիս` ունենալով մարդու հիմնարար իրավունքներ: Սա նշանակում է, որ եթե մարդը հիվանդ է, կամ գործ ունի հիվանդ մարդու հետ` մի կողմից պացիենտը, մյուս կողմից բժիշկը, դա դեռևս չի նշանակում, որ նրանք զրկված են մարդու իրավունքներից կամ այդ իրավունքները ինչ-որ տեղ սահմանափակված են:

Կազմակերպության իրականացրած ավելի քան 10 տարիների գործունեության ամենամեծ նվաճումը Հայաստանում «Մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի» ներդրումն ու իրականացումն է: Աշխարհում կան այնպիսի երկրներ, որոնք դեռ տեսնում և խոսում են այս ծրագրի անհրաժեշտության մասին, նույնիսկ մի քանի կազմակերպություններով, ընդհուպ մինչև պետական մարմիններ պայքարում են իրենց երկրներում «Մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի» ներդրման համար, սակայն դեռևս որոշակի տեսանելի առաջընթաց կամ հաղթանակներ չունեն այդ ոլորտում: Սակայն Հայաստանի Հանրապետությունում դա հնարավոր եղավ իրագործել. ներդրված է արդեն Մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրը, ինչպես նաև արդեն տեսանելի են ծրագրի, ինչպես նաև բուժման առաջնային արդյունքները և հաջողությունները:

«Առողջապահական նախխաձեռնությունների հայկական կենտրոն» ՀԿ-ն արդեն թևակոխել է զարգացման մի նոր փուլ` կենտրոնացնելով հիմնական գործունեությունը պրակտիկ գործողությունների վրա: Կազմակերպությունը նախկինում իրականացրել է համապատասխան ոլորտներում բազմաթիվ և բազմապիսի հետազոտություններ, օրենսդրական վերլուծություններ, որի արդյունքում բացահայտվել են բավականին շատ օրենսդրական բացթողումներ: Այս պատճառով էլ կազմակերպությունն այժմ գործունեության հիմնական շեշտը դրել է բացահայտված խնդիրների լուծման վրա` վերականգնելու մարդկանց խախտված իրավունքները, մշակելու մեխանիզմներ մարդու իրավունքների ոտնահարումները կանխարգելելու համար:

Նվարդ Մարգարյան