«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է 2003 թվականին Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ կանանց կողմից: Կազմակերպությունը հետխորհրդային Հայաստանում առաջին ռեսուրսային կենտրոնն է, որն աշխատում է կանանց հետ և կանանց համար: Կազմակերպությունն առաքելություն ունի հայ կանանց համար ապահով միջավայր ստեղծել, նրանց անձնական և մասնագիտական զարգացման համար անրաժեշտ ռեսուրսներ տրամադրել, խթանել ու ապահովել կանանց մասնակցությունը հասարակական կյանքի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել ժողովրդավարական հասարակություն, որտեղ կկարևորվեն ֆեմինիստական իդեալներն ու ձգտումները, ստեղծել ցանկացած տեսակի խտրականությունից զերծ մի այնպիսի միջավայր, որտեղ կանայք կապրեն ապահով և խաղաղ կյանքով:

Իր գործունեության սկզբից ցայսօր կազմակերպությունն իրականացնում է տարբեր ծրագրեր և միջոցառումներ, տրամադրում է ծառայություններ, որոնք միտված են բարձրացնելու հանրային իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև նպատակ ունեն ակտիվացնել կանանց` կարևորելով նրանց դերը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, խաղաղարարական գործընթացներում:

Կանանց ակտիվացման համար կազմակերպությունն իրականացրել և մինչև օրս էլ իրականացնում է ակտիվ գործունեություն, որի շրջանակներում կարող ենք առանձնացնել հետևյալ ծրագրերն ու միջոցառումները`

  • կլոր սեղան-քննարկումներ տարաբնույթ թեմաներով,
  • «Կյանքը հիմա է սկսվում» ծրագիրը 40-ից բարձր տարիքի կանանց համար,
  • կարիերայի ակումբ կանանց համար,
  • «Դեռահասները հասուն կյանքի նախաշեմին» ծրագիրը 12-15 տարեկան դպրոցականների համար` ուղղված այդ տարիքին բնորոշ  խնդիրների հաղթահարմանը և մասնագիտական կողմնորոշմանը,
  • մարդու իրավունքների, կնոջ իրավունքների, վերարտադրողական իրավունքների, գենդերի, ֆեմինիզմի, բռնության, թրաֆիկինգի թեմաներով դասընթացներ,
  • պրենատալ ծրագրեր հղի կանանց համար,
  • ծրագրեր մայրերի և նրանց երեխաների համար,
  • սեռականության, սեռական առողջության դասընթացներ երիտասարդ աղջիկների համար,
  • ֆիլմի դիտումներ,
  • քննարկումներ,
  • ընթերցասերների «Գիրք ակումբ» և այլն:

Կենտրոնն ունի հարուստ և թարմացվող գրադարան, նաև տպագրում է ֆեմինիստական ամսագիր, որտեղ ներառված են հետազոտություններ, գեղարվեստական ստեղծագործություններ, մասնագետների հետ հարցազրույցներ գենդերային և կանանց հիմնախնդիրների վերաբերյալ: Կենտրոնը հրատարակում է նաև տեղեկատվական գրքույկներ, բրոշյուրներ, թռուցիկներ և այլ նյութեր:

նկարը` Birthright Armenia

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն իր գործունեությունը ծավալում է և´ Երևանում, և´ Հայաստանի մարզերում: 2007թ.-ից սկսած կազմակերպությունն իր գործունեությունն է սկսել ծավալել Շուշի քաղաքում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)` աշխատելով տարածել «կին և խաղաղություն» և այլ գաղափարներ: Կենտրոնի աշխատանքներն ուղղված են կոնֆլիկտային տարածաշրջաններում կոնֆլիկտների լուծման գործընթացում կանանց ներգրավվածության աստիճանի բարձրացմանը:

«Կանանց ռեսուրսային կենտրոնն» աշխատում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կնոջ իրավունքների, վերարտադրողական և սեռական իրավունքների, սեռական բռնության, կոնֆլիկտների լուծման և խաղաղության հաստատման մեջ կնոջ դերի բարձրացման ուղղությամբ: Կազմակերպությունը անդամակցում է «Հանուն խաղաղության կանանց կոալիցիային» և «Հարավային Կովկասում երիտասարդ կանանց ցանցին», «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի նախաձեռնողներից մեկն է և համագործակցում է Վրաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Հարավային Օսեթիայի նույնատիպ կազմակերպությունների հետ:

2008 թվականին «Կանանց ռեսուրսային կենտրոնը» ստեղծել է «Սեռական բռնությանճգնաժամային կենտրոն», որը սեռական բռնության ենթարկված անձանց տրամարդրում է ռեսուրսներ և ծառայություններ ՀՀ ամբողջ տարածաշրջանում: «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» տրամադրում է հետևյալ ծառայությունները` թեժ գիծ (խորհրդատվություն հեռախոսով), անհատական խորհրդատվություն (անմիջական հանդիպման պայմաններում), փոխօգնության խումբ սեռական բռնության ենթարկված կանանց և աղջիկների համար, ուղղորդում համապատասխան անհրաժեշտ հաստատություններ և այլն:

Կազմակերպությունը մասնավորապես շեշտադրում է կանանց շահերի պաշտպանության կարևորությունը, ինչն ապահովելու նպատակով կազմակերպությունը նախագծում է օրենսդրական բարեփոխումներ և հետամուտ է լինում դրանց ընդունմանը, որի միջոցով նպատակ ունի հասնելու համակարգային փոփոխությունների:

Կազմակերպությունը կոչ է անում մեր քաղաքացիներին ակտիվ լինել, չլինել անտարբեր, բարձրաձայնել խնդիրները, քանի որ լռությունը լուծում չէ: Եթե հետաքրքված եք «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի գործունեությամբ, կազմակերպությունը բաց է օգնության, աջակցության և առաջարկների համար:

Նվարդ Մարգարյան