«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել և օրենսդրին է ներկայացրել նախագիծ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի (Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ) 138-142 հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության համար հիմք են հանդիսացել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցչի դատական գործընթացը և «Կանանց ռեսուրսային կենտրոնին» կից «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնին» դիմող կանանց թվի կտրուկ աճը: Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ: Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է այս ոլորտում եվրոպական և ԱՊՀ մի շարք երկրների փորձը:

Օրենքի մեջ փոփոխությունները հիմ-նականում բովանդակային բնույթ են կրում. նախատեսում են ծանրացնող հանգամանքների ավելացում, կոնկրետ տեսակի հանցագործությունների դեպքում էլ ազատազրկում, ազատազրկման տարիների ավելացում:

Ըստ առաջարկությունների` ենթադըր-վում է օրենքով նախատեսված պատ-ժի խստացում, եթե սեռական բռնի գործողությունները կատարվել են.

  1. Հղի կնոջ նկատմամբ – այս դեպքում արարքի հանրային վտանգավորության աստիճանն առավել է և այն որպես արարքը ծանրացնող առանձին հանգամանք նախատեսելը պայմանավորված է նրանով, որ հանցավորն, ըստ էության, միաժամանակ ոտնձգություն է կատարում երկու կարևորագույն արժեքների նկատմամբ` ա. կնոջ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության, բ. պտղի բնականոն զարգացման վրա:
  2. Զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ – հանցավորը տուժողի կամքը ճնշելու, վերջինիս կողմից ցուցաբերվող դիմադրությունը հաղթահարելու կամ կանխելու նպատակով կարող է հոդվածներով նախատեսված հանցավոր արարքները կատարել զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ, ինչը կարող է հավասարազոր լինել անհաղթահարելի ֆիզիկական ուժի գործադրմանը և տուժողի կյանքի համար իրական սպառնալիք հանդիսանալ:
  3. Անչափահասի նկատմամաբ ծնողի կամ խնամակալի, մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից – ծանրացնող հանգամանքի նախատեսումը պայմանավորված է վերը նշված անձանց լրացուցիչ պարտականությունների առկայության հանգամանքով: ՀՀ գործող օրենսդրությամբ այս անձանց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականություն, հետևաբար նման հանցագործությունը պետք է դիտվի որպես ծանրացնող հանգամանք և որպես պատժատեսակ պետք է ընտրվի ազատազրկումը, և ոչ թե տուգանքները, քանի որ նպատա-կահարմար չէ տուգանքը որպես պատժատեսակ նախատեսել սեռական հանցագործությունների պարագայում: Եթե սեռական ոտնձգություն իրականացվել է որևէ պաշտոնյայի կողմից, ապա նա պետք է զրկվի այդ պաշտոնից:
  4. Ուղղիչ հիմնարկներում, կալանավայրերում, զորամասում, բուժհաստատություններում – այս ծանրացնող հանգամանքի նախատեսումը պայմանավորված է նրանով, որ նշված հաստատություններում գտնվող անձինք զրկված են ինքնուրույն տեղաշարժման, կամքի դրսևորման և արտահայտման հնարավորություններից կամ որոշակիորեն սահմանափակված են նրանց վերոնշյալ հնարավորությունները: Սրանից ելնելով` հանցավորի համար կարող է ակնհայտ լինել տուժողի կողմից դիմադրություն ցույց տալու կամ արարքի բնույթը չգիտակցելու նրա անկարողությունը` պայմանավորված տուժողի որոշակի ֆիզիկական կամ հոգեկան առանձնահատկություններով, կամ եթե տուժողը հանդիսանում է զինծառայող, կամ օրենքով սահմանված կարգով կրում է իր նկատմամաբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը:

Օրենքի փոփոխության նախագծում նաև ներառված են խստացնող հանգամանքներ, երբ սեռական բռնությունը և սեռական ոտնձգություններն իրականացվել են անչափահասների նկատմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Նախագիծն արդեն ներկայացվել է ԱԺ-ում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից: Առաջին լսումների արդյունքում փոփոխություններն ընդունվել են: Առաջիկայում կան ևս երկու լսումներ, որոնց ժամանակ, ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները ևս կընդունվեն, ինչի արդյուքնում օրենքը կբարեփոխվի:

Նվարդ Մարգարյան