«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն հիմնադրվել է 2003 թվականին խանդավառ երիտասարդների խմբի կողմից, ովքեր նպատակ ունեին համախմբել Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց` տրամադրելով նրանց խնամք և աջակցություն: Կազմակերպությունն առաքելություն ունի բարձրացնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց մերձակա շրջապատի կյանքի որակը, ուժեղացնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրույթում ինքնօգնության և փոխօգնության գաղափարները, համախմբել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրույթը մասնագիտական որակների բարձրացման, սոցիալական, հոգեբանական և իրավաբանական աջակցությունների ծառայությունների չմիջնորդավոր-ված մատուցման, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման և բուժման համընդհանուր մատչելիության ապահովմանն ուղղված ջատագովության ճանապարհով: «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն իր կողմից իրականացված գործունեությամբ նպատակ ունի բարձրացնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակի բոլոր բաղադրիչները: Գործունեության ութ տարիների ընթացքում կազմակերպության հիմնական ուղղությունը չի փոփոխվել, սակայն  լայնացել է հիմնախնդիրների և գործունեության շրջանակը` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը գումարվել է նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության բաղադրիչը:

Կազմակերպությունը նպատակ ունի`

  • ուղղակի կամ անմիջական ծառայություններ մատուցել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց,
  • զարգացնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանակներում ինքնա և փոխօգնության շարժումները,
  • նվազեցնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակական խարանն ու խտրականությունը,
  • ջատագովել համընդհանուր մատչելիությունը ՄԻԱՎ-ի բուժման, խնամքի և աջակցության ոլորտներում,
  • կանխարգելել ՄԻԱՎ-ի տարածումը ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերի շրջանում:

Կազմակերպությունն իր առջև դրված նպատակներին հասնելու համար տրամադրում է հետևյալ ծառայությունները`

  • հավասարը-հավասարին խորհրդատվություն,
  • սոցիալական աջակցություն,
  • հոգեբանական աջակցություն,
  • հոգևոր աջակցություն,
  • իրավական հարցերի շուրջ խորհրդատվություն,
  • շահերի պաշտպանություն տարբեր հաստատություններում,
  • մարդասիրական օգնության տրամադրում. սնունդ, հագուստ, դպրոցական պարագաներ,
  • բուժման կարգապահությունը խթանելուն ուղղված միջոցառումներ,
  • փոխօգնության խմբերի հանդիպումների իրականացում,
  • դասընթացներ և կրթական այլ նախաձեռնություններ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների, կազմակերպության անդամների և բնակչության լայն շրջանակների համար,
  • ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ խարանի և խտրականության վերացմանն ուղղված հանրային միջոցառումների և ԶԼՄ-ների հետ աշխատանքների իրականացում,
  • թեմատիկ ամսագրի և տեղեկատվական նյութերի մշակում և տարածում:

Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում համագործակցել է և շարունակում է համագործակցությունը ինչպես պետական, տեղական հասարակական կազմակերպությունների, այնպես էլ միջազգային շատ  կազմակերպությունների հետ: Համագործակցությունը հնարավորություն է տալիս խուսափել միջոցառումների կրկնումից և հանդես գալ համատեղ ուղերձներով տարբեր ջատագովման միջոցառումների ժամանակ: Համատեղ կազմակերպվում են հանրային միջոցառումներ, մամուլի ասուլիսներ, ջատագովման ծրագրեր, դասընթացներ, իրականացվում է փորձի փոխանակում, ինչպես նաև կարևոր տեղ են զբաղեցնում գենդերային և սեռական, վերարտադրողական առողջության խնդիրներին ուղղված միջոցառումները:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն համագործակցում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Դրական մարդկանց հայկական ցանց», «Կանանց ռեսուրսային կենտրոն» տեղական հասարակական կազմակերպությունների հետ: Կազմակերպության տեղական, պետական և միջազգային գործընկերներն են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, Հանրապետական նարկոլոգիական կլինիկան (Մեթադոնային փոխարինող բուժման ծրագիր), Հայ Առաքելական եկեղեցին, Բաց հասարակության հիմնադրամը, Առաքելություն Արևելք Հայաստանը, Վորլդ Վիժն Հայաստանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը, ՄԱԿ-ի հետևյալ գործակալությունները` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը (UNAIDS),  ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (UNDP), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (UNICEF), ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակ (UNHCR), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ (UNFPA):

2004թ-ից «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչը ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամ է: Իսկ 2008թ-ից կազմակերպության մեկ այլ ներկայացուցիչ հանդիսանում է ՄՀՀ-ի տուբերկուլոզի աշխատանքային խմբի անդամ:

2007թ-ին կազմակերպությունը դարձել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միավորման անդամ: Միությունը տարածաշրջանային գլխավոր կազմակերպություններից մեկն է և միավորում է 15 երկրի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրույթներ: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ներգրավվածության մեծացմանը, բուժման մատչելիության բարձրացմանը, խնամքի և աջակցության ծառայությունների բարելավմանը:

Ինչպես փաստում են կազմակերպության աշխատակիցները` կազմակերպության ամենամեծ հաջողությունը գործունեության այս տարիների ընթացքում այն է, որ կազմակերպությունը դարձել է մի այնպիսի միջավայր` ընտանիք, ուր մարդիկ մեծ հաճույքով գալիս են, ընդ որում ոչ միայն օգնություն ստանալու, այլև միմյանց փոխադարձաբար օգնելու համար և որ կարևոր է, գիտակցում են, որ հենց իրենք պետք է ակտիվորեն ներգրավված լինեն իրենց իսկ կյանքի բարելավման գործընթացում:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն կոչ է անում բոլորին լինել մեր երկրի ակտիվ քաղաքացիներ, անել մարդկանց համար այն ամենը, ինչը որ կցանկանային, որ մարդիկ անեն իրենց համար: Այս փիլիսոփայությունն է, որ ընկած է կազմակերպության կողմից իրականացվող գործունեության հիմքում: Եթե հետաքրքրված եք «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի գործունեությամբ, կազմակերպությունը բաց է օգնության և աջակցության համար:

Նվարդ Մարգարյան