Մեթադոնի ցավազրկող ազդեցությունը հայտնաբերել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը Գերմանիայում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1941թ. սեպտեմբերի 11-ին այս գիտնականները պաշտոնապես պատենտավորեցին մեթադոնը, սկզբում` «Խյոխստ 10820», այնուհետև` «Պոլամիդոն» անվանման ներքո: 1942թ. աշնանն արդեն «Ամիդոն» քողարկված անվան տակ մեթադոնը որպես ցավազրկող նշանակվում էր գերմանացի վիրավոր զինվորներին:
1947թ. Լեքսինգթոնի կախվածությունների հետազոտության կենտրոնում Իսբելը և նրա գործընկերները ցույց տվեցին, որ մեթադոնը կարող է նշանակվել որպես հերոինից զրկանքի համախտանիշը մեղմացնող միջոց: Հոլիդեյը 1963թ. Վանկուվերում և ավելի ուշ Դոլն ու Նիսվանդերը 1967թ. Նյու Յորքում ցույց տվեցին մեթադոնի` որպես փոխարինող բուժման միջոցի կիրառման հնարավորությունները: Հետագա լայնամասշտաբ հետազոտություններով տրվել են ինչպես մեթադոնային փոխարինող բուժման (ՄՓԲ) կլինիկական գնահատականները, այնպես էլ որոշ կարևոր դեղաբանական և կլինիկական առանձնահատկությունները:
Մեթադոնային փոխարինող բուժումը բժշկական ծառայության տեսակ է, որի պացիենտները թմրամիջոցներ օգտագործող մարդիկ են: Քանի որ թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդիկ մեր հասարակությունում ենթարկվում են խարանի և խտրականության, այլ խնդիրների, այս բուժումն իր հերթին այդ մարդկանց վերադարձնում է հանգիստ կյանքի` ինչպես հոգեբանական, այնպես էլ սոցիալական տեսանկյունից:
Մեթադոնային փոխարինող բուժումն ավելի մեծ թափ ստացավ և աստիճանաբար ավելի հաճախակի սկսվեց կիրառվել որպես թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ միջոցառում: Մեթադոնային փոխարինող բուժման դերը ափիոնատիպ նյութերից կախվածությամբ հիվանդների շրջանում ապօրինի թմրամիջոցներով ներարկումների դեպքերի էական կրճատելն էր, հետևաբար նաև` արյունածին վարակների տարածման հավանականության հնարավորինս նվազեցումը: Այնուհետև պարզվեց, որ արյունածին վարակների տարածման կանխարգելումը փոխարինող բուժման միակ դրական ազդեցությունը չէ, և պակաս կարևոր չէ ծրագրում ընդգրկված հիվանդների մարմնական ու ֆիզիկական առողջական վիճակների բարելավումը, հանցավոր վարքի նվազեցումը և, ընդհանուր առմամբ, նրանց կյանքի որակի բարձրացումը: 1992թ. ԱՄՆ-ում արդեն գործում էին 800-ից ավելի մեթադոնային փոխարինող բուժման ծրագրեր` ներառելով մոտ 120 հազար ափիոնատիպ նյութերից կախվածությամբ հիվանդ։ Այժմ փոխարինող բուժման ծրագրեր իրականացվում են բոլոր աշխարհամասերի բազմաթիվ երկրներում, այդ թվում Իրանում, Վրաստանում ու Ադրբեջանում, իսկ սկսած 2009 թվականի հոկտեմբերից` նաև ՀՀ մայրաքաղաք Երևանում:
Ընդհանուր առմամբ, մեթադոնային փոխարինող բուժման նպատակներն են`
- վերացնել կամ հնարավորինս մեղմել ապօրինի ափիոնատիպ նյութերի նկատմամբ հիվանդագին հակումը և դրանց գործածումը,
- նվազեցնել ապօրինի ափիոնատիպ նյութերի առաջացրած առողջական և սոցիալական վնասները,
- բարելավել ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների առողջական վիճակը և կյանքի որակը,
- հասնել հիվանդների հոգեսոցիալական կենսագործունեության հնարավոր լավագույն մակարդակին:
Բազմաթիվ երկրներում անցկացված լայնամասշտաբ հետազոտություններով ապացուցվել է, որ մեթադոնային փոխարինող բուժման արդյունքում առաջ են գալիս ապօրինի ափիոնատիպ նյութերից հարուցված վնասի նվազեցման հետևյալ դրական ազդեցությունները`
1. հիվանդների ֆիզիկական և հոգեկան առողջական վիճակի բարելավում` գերդոզավորման ռիսկի նվազեցում, արյունածին և այլ վարակների ռիսկի նվազեցում, հիվանդացության ու մահացության ցուցանիշների կրճատում,
2. հիվանդների հոգեսոցիալական գործունեության բարելավում, այդ թվում`
- ինքնագնահատման և արժանապատվության զգացումների վերահաստատում,
- ընտանիքում և համայնքում սոցիալական դերի բարելավում և առօրյա գործառույթներում ավելի ակտիվ ներգրավում,
- կրթական վիճակի բարելավում կամ ինքնակրթման նախաձեռնությունների առաջացում,
- աշխատանքային վարքի և կարգապահության բարելավում կամ նոր աշխատանքի ձեռք բերում,
- ապօրինի թմրամիջոցների գործածման նվազեցում,
- հանցավոր վարքի մեղմացում:
Երևանում մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի ներդրումն ու իրականացումը հնարավորություն եղավ իրագործել «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի ներդրած ջանքերի շնորհիվ: Կազմակերպության առաջին քայլն այս ծրագրի իրականացման համար այն էր, որ նրանք ջատագովեցին Հայաստանում բժշկական նպատակով թույլատրելի թմրամիջոցների շարքում մեթադոն տեսակի ավելացումը: Այնուհետ ներդրվեց համապատասխան ծառայությունը, մշակվեցին ծառայության մատուցման ձևերը, չափանիշները, շահառուները և այլն: Այնուհետ դեղերի գնման կազմակերպությունների հետ իրականացվեց մեթադոնի գնումը, քանի որ Հայաստանում չկար մեթադոն մինչ այդ: Այդ ընթացքում համապատասխան մասնագետներ վերապատրաստվեցին արտասահմանում, ովքեր պետք է տրամադրեին շահառուներին տվյալ ծառայությունը: 2009-ին առաջին անգամ այն սկսվեց կիրառվել. առաջին պացիենտները այդ շրջանում ստացան ծառայությունը: 2008 թվականին կային արդեն օրենսդրական բոլոր նախադրյալները, բայց դեռ կային չլուծված տեխնիակական հարցեր, թե ինչպե՞ս պետք է ծրագիրն իրականացվի, որտե՞ղ, ի՞նչ մասնագետների կողմից, որտե՞ղ պետք է պահվի մեթադոնը, որտեղի՞ց տեղափոխվի. այդ տեխնիկական հարցերին լուծումներ տրվեց և 2009-ին արդեն սկսվեց իրականացվել այդ ծրագիրը: Ծրագիրն իրականացվել և մինչ օրս իրականացվում է Նարկոլոգիական դիսպանսերում: Մեթադոնային փոխարինող բուժում արդեն տրամադրվում է նաև ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության երկու հիմնարկներում: Իսկ վերջերս ծրագիրը սկսվեց իրականացվել Վանաձոր քաղաքում ևս:
Նախքան բուժումն սկսելը, ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդը ծանոթանում է պայմաններին, իր իրավունքներին և պարտականություններին, ներկայացվում է համապատասխան հանձնաժողովի նիստին, ապա կնքում է համաձայնագիր, որից հետո հաշվառվում է փոխարինող բուժման բաժանմունքում և սկսում է ստանալ ՄՓԲ:
Բուժական ծրագրում ընդգրկված հիվանդը, բժիշկ-նարկոլոգների կողմից նշանակված մեթադոնի դեղաչափը ստանալու նպատակով, յուրաքանչյուր օր այցելում է փոխարինող բուժման բաժանմունք։ Հիվանդը փոխարինող բուժման բաժանմունքում բուժման ընթացքում պարբերաբար ստանում է նաև հոգեբանի ու սոցիալական աշխատողի խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում կատարվում են թերապևտի, նյարդաբանի խորհրդատվություններ, արյան և մեզի հետազոտություններ, ուլտրաձայնային հետազոտություն:
Այսօր մեթադոնային փոխարինող բուժում ստանում է 170 մարդ և օր օրի ավելանում է բուժում ստանալ ցանկացող մարդկանց թիվը:
Նվարդ Մարգարյան
Օգտագործված գրականություն` Ա. Պոտոսյան, Ե. Սահակյան, «Օփիոիդային թմրամոլության մեթադոնային բուժման կլինիկական ուղեցույց», ՀՔԴ, Երևան 2006